Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանձնարարել է քննարկել Արցախի օկուպացված տարածքներում ջրամբարների կառուցման հարցը: Այդ մասին Ալիեւն ասել է «Մելիորացիայի եւ ջրի կառավարման» ԲԲԸ նախագահ Զաուր Միկայիլովի հետ տեսակապով տեղի ունեցած հանդիպման ընթացքում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշելով, որ այդ տարածքներում ջրամբար կա, Ալիեւը հայտարարել է, որ պետք է վերլուծել, թե դրանք ինչ վիճակում են: Նրա խոսքով՝ պետք է «ճիշտ վերլուծություն անել՝ կապված գետերի հունի հետ, որպեսզի ռացիոնալ օգտագործվեն այդ գետերը»: Դրանցից շատերը թափվում են Արաքս գետը:

«Իհարկե, ամենախոշոր աղբյուրներն Իրանի հետ սահմանին գտնվող Խուդաֆերինի եւ Գիզ Գալասի ջրամբարներն են: Խուդաֆերին ջրամբարի ծավալը կազմում է 1,6 մլրդ խմ: Դրա օգտագործման համար, իհարկե, պետք է հավելյալ ենթակառուցվածքային նախագծեր իրագործել»,-ասել է նա: