Ապրիլի 7-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, սակայն Հայաստանի համար առաջնային համարվող գերիների հարցն օրակարգում ընդգրկված չէ, մինչդեռ ՀՀ ԱԳՆ նախարարն օրերս ՌԴ ԱԳՆ նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը չի կատարում հայ ռազմագերիներին վերադարձնելու իր պարտավորվածությունը։ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ արտգործնախարարի ու Փաշինյանի միջև այժմ լուրջ հակասություններ կան, ԱԳՆ-ն այլ կերպ է տեսնում զարգացումները, իսկ Նիկոլի ոհմակը՝ այլ կերպ։

Իսագուլյանը նշեց, որ թեև նախկինում քննադատել է Արտգործնախարարին, բայց հետագայում պարզվեց, որ նա հայրենասեր և կամային հատկանիշներով մարդ է, նրա որդին պատերազմին մասնակցել է, ավելին՝ առաջարկել են, որ որդուն առաջին գծից հետ բերեն, բայց ինքը հրաժարվել է։

«Տղան Ջաբրայիլում վիրավորվել է ծանր, իսկ այդքանից հետո ինքը դեմ է եղել, որ իր որդուն տեղափոխեն ուրիշ տեղ»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է ապրիլի 7-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը, ապա մեր զրուցակիցն ընդգծեց, որ հանդիպման պատճառը եղել է բացառապես Նիկոլ Փաշինյանի կողմից շուրջ երկու ամիս տևած խնդրանքները։ Հունվարի 11-ից հետո պարբերաբար խնդրել է Կրեմլին, որ Պուտինն իրեն ընդունի և պատրաստ է կատարել ցանկացած բան, ինչն իրեն ռուսական կողմը կառաջարկի։

«Իր այս ստորությունը երկու նպատակ ունի, նախ՝ հայ հանրությանը խաբել, որ ինքը ՌԴ նախագահի հետ գտնվում է լավ հարաբերությունների մեջ, իսկ երբ փորձել են օրակարգ ճշտել, օրակարգային թեմա չի էլ քննարկվել, ինքը ցանկություն է հայտնել բացառապես հանդիպելու և այդ հանդիպման ժամանակ ցանկացված առաջարկություն պատրաստ էր ընդունել։ Դա է պատճառը, որ մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ՝ճշտելու, թե իրենց էլ ինչ է պետք, որ Նիկոլը զիջի կամ տա։ Ռուսաստանին պետք է, որ այս շրջանում խնդիրներ ճշտի, ընդ որում՝ Ադրբեջանի հետ»,- նշեց Իսագուլյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ոչ գերիների հարց է դրվում, ոչ Շուշիի, ոչ Հադրութի, ոչ էլ բուն ՀՀ-ի սահմանների հետ կապված։

Իսագուլյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է զիջել ամեն ինչ, չի բացառվում, որ Սյունիքում անցնող միջանցքների խնդիրը լինել, թեև ինքը զուգահեռ էմիսարներ է ուղարկում արևմուտք, Եվրոպա՝ ասելով, որ ՌԴ-ի հետ ինքը պարզապես խաղում է, բայց հենց այդ խաղալու արդյունքում ՀՀ-ն անընդհատ կորցնում է, իսկ Արցախն ընդհանրապես կորցրել ենք։

«Իր նպատակը բացառապես մեկն է եղել, որ զոմբիները տեսնեն, որ ինքը Պուտինի հետ բարև ունի։ Դրա համար նա պատրաստ է զիջել ամեն ինչ »,- նշեց նա՝ հավելելով, որ վերջինս գտնվում է հոգեկան լուրջ տվայտանքների մեջ, նա ունի մանիա և այժմ հերթական մանիան փորձում է բավարարել։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շատ պարզ հասկացնում է, որ որևէ օրակարգ չկա, գնում է հերթական զիջումները կատարելու, որ ՌԴ-ն կարողանա Ադրբեջանից զիջումներ պահանջել՝ հօգուտ ՌԴ-ի։ Իսագուլյանի դիտարկմամբ՝ բոլորը հաշտվել են այն հանգամանքի հետ, որ Նիկոլն ամեն ինչ վաճառում է՝ Արցախը վաճառում է, ՀՀ-ն պատրաստվում է վաճառել, ժողովուրդն էլ դիմադրողականություն չունի։