Հարգանքի տուրք՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Հայատանի Քիք-բոքսինգի ուժեղագույն ակումբների առաջնություն՝ «Դինամո» մարզադահլիճում։ Մինչ առաջնության բացումը, մասնակիցները այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին արցախյան բոլոր պատերազմների ժամանակ նահատակված հերոսների հիշատակին:

Արդեն «Դինամո» մարզադահլիճում մինչև առաջնության մեկնարկը ելույթով հանդես եկավ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Ներկա էին նաև Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը: Ելույթով հանդես եկավ Հայաստանի Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը: Այնուհետև տերունական աղոթք հնչեցրեց հոգևոր հովիվը, ապա մրցաշարը մեկնարկեց:


Հայաստանի Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը Irakanum.am-ի հետ զրույցում նշեց, որ հուշամրցաշարը նվիրված էր Արցախում զոհված զինվորների, սպաների և կամավորների հիշատակին։ «Հիմնական նպատակն է մատաղ սերնդի մարզիկների մեջ արմատավորել հայրենասիրություն, ազգային գաղափարախոսություն և ռազմահայրենասիրական ոգի։ Այս մրցաշարով մենք վառ ենք պահելու մեր բոլոր զոհված զինվորների, սպաների և կամավորների հիշատակը։ Առավոտյան այցելել ենք զինվորական պանթեոն, ծաղիկներ ենք դրել զոհված զինծաառայողների շիրիմներին, խոնարհվել ենք, որից հետո «Դինամո» -ում մեկնարկել է մրցաշարը»,- ասաց Գառնիկ Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ առաջնությանը մասնակցել է 500-ից ավելի մարզիկներ՝ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից, մարզերից, և Արցախի Հանրապետությունից։


Հարցին, թե որքանով է զարգացած այս սպորտաձևը Հայաստանում, ինչ քայլեր են արվում այդ ուղղությամբ, ֆեդերացիայի նախագահն ասաց․ «Ազգային ֆեդերացիան ՀՀ-ում 90-ական թվականներից է մուտք գործել։ Իհարկե այդ ժամանակ պատերազմական տարիներին, ինչպես մարզիչներն ու մարզիկները չէին կարող սպորտը զարգացնել Հայաստանում, իրենց պարտքն էին կատարում, 95-ից ի վեր կազմավորվեց ֆեդերացիան, ստեղծվեցին ակումբներ, ասոցացիաներ, մարզիչներ, մրցավարներ, ունենք շուրջ 2200 մարզիկ, 40 մրցավար ունենք, որից 15-ը՝ միջազգային կարգ ենք լրացրել»,- ասաց Գառնիկ Հայրապետյանը, հավելելով, որ ընդհանուր 42 դպրոց ունեն։ Բացի այն, որ մարզիկները սպորտով են զբաղվում, Հայրապետյանը խիստ կարևորում է այն հանգամանքը, որ երիտասարդները փողոցային բարքերից են կտրվում։
Ի դեպ Քիք-բոքսինգի նկատմամբ աղջիկների հետաքրքրությունը ևս մեծ է։
Առողջ մարմնում, առողջ հոգի, ուժեղ ու կամային սերունդ կրթելու հարցում այս ֆեդերացիան իր ուրույն տեղն ունի։

Հավելենք, որ մրցաշարի ընթացքում հաղթողները պարգևատրվեցին գավաթներով, շնորհակալագրերով և պատվոգրերով:

Irakanum.am