Վաղը՝ ապրիլի 4-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը, այդ առիթով գրողների միության անդամ Մերուժան Տեր Գուլանյանին հարցրինք, թե տոնի առիթով ի՞նչ ասելիք ունի ժողովրդին։

-Պարոն Տեր-Գուլանյան, Դուք գրող եք և մտավորականի մեծ կյանք եք ապրել, վաղը Սուրբ Զատիկ է, այդ առիթով ի՞նչ կուզենայիք մեր ժողովրդին ասել։

-Կորյուն ջան, սիրելիս, անսպասելի, բայց հետաքրքիր հարց տվեցիր․ մտածեմ հարցիդ արժանի պատասխան տալու։ Այո, կարծես թե գտա խոսքիս սկիզբը։ Տարիներ առաջ գրած բանաստեղծություններիցս մեկի առաջին քառատողը հիշեցի․

Անհանգրվան մութ ու լույսին

Պտտվում է աշխարհքը հինը,

Պտտվում ու երգ է հյուսում՝

Աստծո անբախտ կյանքի մասին։

Արտասանեցի քառատողը քեզ համար ու ես էլ զարմացա, որ Աստծուն համարել եմ անբախտ, երբ մեր բոլորի բախտը Նրա ձեռքում է։ Թերևս անբախտ այն պատճառով, որ Նա ստեղծեց այս գեղեցիկ աշխարհը, մարդուն տեղավորեց դրախտում, բայց մարդը չանսաց Աստծո կամքին, և ըստ էության մերժեց իրեն տրված դրախտը։ Հետո մարդու ամբարիշտությունը ներելով՝ Աստված ուղարկեց իր միածին Որդուն, որ մեզ՝ Իր ստեղծած արարածներիս Նրա խոսքով մոտեցնի Իրեն։ Բայց մենք մեր չգիտակցված հպարտությամբ չճանաչեցինք և մոլորվելով խաչեցինք Աստծո Որդուն․․․ Սա է մարդու ինքնամեծար կյանքի կարճ պատմությունը։ Ճիշտ է, Աստված մեզ ստեղծեց ազատ կամքով, բայց մարդը ազատ չէ։ Նրա պորտալարը հասնում է մինչև Ադամ և Եվա։ Մարդը ազատ չէ իր ապրած կյանքի հիշողությունից, ինչպես ազատ չէ իր հայրենիքի և իր ազգի պատմությունից, քանի որ անհայրենիք, անհիշողություն մարդը վերածվում է անասունի։ Տունը դրսից չի մեծանում, տունը մեծանում է ներսից, իսկ հայրենիքը ուրացողը իր տունը սկսում է քանդել ներսից․ ոչնչացնում է պետական կառույցները, արհամարում է եկեղեցին, հալածում է մտավորականներին և հոգևորականներին, ինչպես վերջին երեք տարիներին տեղի ունեցավ մեր կողմերում։ Այնինչ Աստծո խոսքով ապրելը նույն է թե՝ ապրում ես դրախտում, և դժոխք է դառնում երկիրդ, երբ չնչհավատ ստախոսն է իշխում։ Եվ հնագույն, հազարամյակներ տեսած քո ժողովրդին քթից բռնած տանում է իր հետևից դեպի իր հորինած երաշտի դաշտերը։ Բամբասանքը վախկոտների կապի ծառայությունն է, որ ֆեյքերի զրահաբաճկոն է հագցնում երեխաների թիկունքում թաքնված իրեն միակ իշխողը հռչակողին։ Վաղը Սուրբ Զատիկ է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է։ Հիշելով մեր կորուստներն ու զոհերը՝ մտածում եմ ու ամաչում, թե ի՞նչ երեսով պետք է դիմավորենք հարություն առած Աստծո Որդուն, երբ ստախոսի բերանը չենք փակել արդարության կողպեքով։ Չէ որ մենք առաջին էինք, որ ճանաչեցինք Քրիստոս Աստծոն, և որովհետև Աստծո Որդին հարություն չի առնում ինչ-որ սրբազան վայրում, այլ մեր՝ յուրաքանչյուրիս հոգիներում, եթե մեր սիրտը մաքուր է ու հոգին պարզ մեր տուն-հայրենիքի առջև։ Կորյուն, բարեկամս, քո հարցով հուզեցիր ինձ, և հիմա ես ուզում եմ դիմեմ մեր ժողովրդին, ազգիս ամբողջ․ Ել, ոտքի կանգնիր, հանճարների երկիր, հագիր քո հավատն ու հայրենիքը որպես արժանապատվության զգեստ և հայրենադավ, հավատուրաց իշխանություն կոչվող մորեխների ամենակեր այս տարմը դուրս շպրտիր քո կյանքից։ Սրբիր աչքերդ կաշկանդող մլարը, որ բաց երեսով ու արժանապատվությամբ դիմավորես Աստծո Որդու Հարության տոնը։ Հարցդ կարճ էր, խոսքս երկարաշունչ և ինձ թվում է, թե մեր զրույցը օգնեց ինձ ազատվել գործած ու չգործած մեղքերից։ Այնպես որ Կորյուն, բարեկամս, վաղը ես քեզ անպայման կզանգահարեմ՝ հնչեցնելով Հարության ավետիսը՝ Քրիստոս հարիավ ի մեռելոց։

 -Իսկ ես, պարոն Տեր-Գուլանյան, կպատասխանեմ՝ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի․․․