1992 թ. ապրիլի 3-ին ՀՀ և ՌԴ միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ: Երկու երկրներին միավորում են դաշնակցային գործընկերական հարաբերությունները: ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 29-րդ տարեդարձի առթիվ Ռուսաստանի ԱԳՆ-ն ֆեյսբուքյան էջում որոշ փաստեր է ներկայացրել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ.

«Այս տարիների ընթացքում կնքվել է ավելի քան 200 միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական պայմանագիր և համաձայնագիր: Հիմնարար փաստաթղթեր են համարվում 1997թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, 2000թ. սեպտեմբերի 26-ին ընդունված՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը:

Ռուս-հայկական հարաբերությունները բնորոշվում են բարձր և բարձրագույն քաղաքական մակարդակներում երկկողմ շփումների բարձր մակարդակով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցերով Հայաստանում է եղել 2010 թ. օգոստոսին և 2013 թ. դեկտեմբերին: Բարձր մակարդակում մշտական կապեր են պահպանվում ԵԱՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ գծով:

Մշտական բնույթ են կրում նաև երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումները: Երկխոսություն է պահպանվում երկու երկրների նախարարությունների ու գերատեսչությունների միջև, պահպանվում են միջխորհրդարանական կապերը: Երկկողմ հարաբերություններում նկատվում է տնտեսական համագործակցության աճ:Արդյունավետորեն աշխատում է Տնտեսական համագործակցության միջկառավարական կոմիտեն:

Ընդհանուր հաշվով 2020 — 2021 թթ. Ռուսաստանը Հայաստանին անհատույց փոխանցել է 50 000 ուսումնասիրությունների թեստ-համակարգեր, 188,5 հազար ուսումնասիրությունների համար նմուշ պատրաստելու ռեագենտներ, մարմնի ջերմաստիճանի ոչ կոնտակտային չափման սարքեր, ինչպես նաև պատվաստանյութի ավելի քան 2 հազար չափաբաժին: 2020 թ. ամենից բարդ ամիսներին հայկական կողմի խնդրանքով երկրում աշխատել է ՌԴ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի միավորված ջոկատ:

Տեղյակ ենք երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման պահպանվող բարդ իրավիճակի մասին: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մի քանի տասնյակ հազար չափաբաժնի մատակարարման մասին»:

Մանրամասները` այստեղ: