Փրկչի Հարությանը հավատացող «նոր մարդուն» խորթ են նյութապաշտությունն ու եսասիրությունը: Այս մասին այսօր Սուրբ Գայանե վանքում Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագին Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նշել է իր պատգամում:

«Հավատո՞ւմ ենք արդյոք, որ երկրի նպատակը երկինքն է, հավատո՞ւմ ենք, որ մահվամբ չի ավարտվում մեր կյանքը և վերջապես հավատո՞ւմ ենք արդյոք, որ այսօրվա մեր գործերը մեռյալների հարությունից հետո արձագանք են ստանալու հավերժության մեջ: Պողոս առաքյալը դրան խորապես հավատում էր և դրա համար ասում է. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա Կորնթ. ԺԵ 55):

Այսօր հազարավոր նվիրական զոհերի գերեզմանների առջև, անվերականգնելի կորուստների ցավերով համակված, ինչպե՞ս ձայնակից լինենք Պողոս առաքյալին և ասենք. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը»:

Մեր երազանքները խորտակված են թվում, ապրածն՝ իմաստազրկված, հազարավոր ընտանիքներ՝ սրտաբեկված, անհուսությամբ մշուշված է ապագան և, կարծեք թե, կյանքը վերածվել է անԶատիկ մի պահեցողության: Ինչպե՞ս, ինչպե՞ս ճեղքել մշուշոտ խավարը։ Գիշերը ցերեկ է դառնում, բայց մեր գիշերվա վախճանը, թվում է, չկա: Մոռացե՞լ է մեզ արդյոք Աստված, թողել բախտի քմահաճույքի՞ն, թե՞ ժամանակ չունենք մենք Աստծո համար:

Ունե՞նք… Ապա ինչպե՞ս թշնամանքն ու ատելությունը, սիրո ու համերաշխության զգեստավորմամբ խոր արմատներ բռնեցին մեր կյանքում: Ինչպե՞ս սուտն ու կեղծիքը ճշմարտությունից գերադասվեցին: Ինչպե՞ս հայհոյանքն ու վիրավորանքը դարձան քաջության, իսկ համեստությունն ու խոնարհությունը՝ թուլամորթության խորհրդանշան: Ինչպե՞ս մեծախոսությունը շփոթվեց ճշմարտախոսության, մարդահաճությունը՝ մարդասիրության, հայրենադավությունը՝ հայրենասիրության հետ: Եվ վերջապես ինչպե՞ս կռապաշտը համարվեց աստվածապաշտ․․․

«Արդ, — ասում է Պողոս առաքյալը, — հեռացրե՛ք ձեզանից հին մարդուն և նո՛ր մարդ դարձեք»: Փրկչի Հարությանը հավատացող «նոր մարդուն» խորթ են նյութապաշտությունն ու եսասիրությունը»,- ասված էր Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի պատգամում: