Հայաստանը կորոնավիրուսի 3-րդ ալիքի պիկում է գտնվում` այս պահին ունենք ավելի քան 20 վերապրոֆիլավորված հիվանդանոց, որոնք կորոնավիրուսով վարակվածներին են սպասարկում։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է armeniasputnik.am-ը, հայտնում է ԱՆ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը` կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։

«Բավական լուրջ է իրավիճակը, քանի որ հերթում ունենք հիվանդներ, որոնք հոսպիտալացման կարիք ունեն»,–ասաց Սահակյանը։

Նրա խոսքով` պատվաստումների իրականացումը կարևոր դերակատարում կունենա այս հարցում։ Սահակյանը նշեց` քննարկվում է ռուսական Sputnik-V-ի նոր խմբաքանակ ներկրման հարցը։

Նա անդրադարձել է նաև այն թեմային, թե ինչո՞ւ է Հայաստանը հենց «Աստրազենակա» ստացել։ Դեռևս նախորդ տարի ստեղծվեց COVAX FACILITY նախաձեռնությունը, և այդ հարթակում միավորվեցին այն երկրները, որոնց արտադրող ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու հնարավորությունը քիչ է:

Այդ հարթակի միջոցով էլ ՀՀ–ին նախ առաջարկել են «Ֆայզեր» պատվաստանյութը, որն անհրաժեշտ էր պահել -70, -80 աստիճան սառնության պայմաններում, իսկ հայաստանյան պոլիկլինիկաները նման հնարավորություն չունեն։ Երկրորդ պայմանագրով էլ Հայաստանին առաջարկել են «Աստրազենեկա»։

«Հաշվի առնելով հիվանդացության նոր դեպքերը, մեզ համար կարևոր էր հնարավորինս շուտ ունենալ պատվաստանյութ, ինչի համար էլ 24 000 պատվաստանյութ ձեռք բերեցինք ռիսկի խմբերի համար։ Նախատեսում ենք Երևանում ապրիլի 7-8-ից սկսել պատվաստումը, իսկ մարզերում` մի փոքր ավելի ուշ»,–ասաց Սահակյանը։

Խոսելով «Աստրազենեկայի» առաջացած իրարանցման մասին` Սահակյանը նշեց, որ այս պահին գիտական տվյալները «խոսում են» դրա օգտին։

Հիշեցնենք, որ արդեն երկու տասնյակից ավելի երկրներ, առավելապես՝ եվրոպական, դադարեցրել են Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ AstraZeneca անգլո-շվեդական ընկերության մշակած պատվաստանյութի օգտագործումը: Պաշտոնական պատճառը պատվաստվածների մոտ թրոմբոզի արձանագրված դեպքերն են։