Կրթական քաղաքացիական նախաձեռնության և Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեին համատեղ հայտարարություն են տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բուհերի շենքերը վաճառելու և գոյացած գումարով բուհական քաղաք կառուցելու հայտարարության վերաբերյալ:

Հայտարարությունը՝ ստորև.

«Սույն թվականի մարտի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ կա գաղափար Երևանի բուհերի շենքերի մեծ մասը հանել վաճառքի և ձևավորված գումարով Երևանից դուրս կառուցել բուհական, ակադեմիական քաղաք։ Մարտի 30-ին ԿԳՄՍ Նախարար Վահան Դումանյանը Արմենպրեսին տված պարզաբանման մեջ ասել է. «Մեր կառավարությունը հաստատակամ է այս գաղափարն իրագործելու համար: Ակնկալվում է, որպեսզի լինի ակադեմիական քաղաք, որտեղ կլինեն հրաշալի, հարմարավետ պայմաններ՝ բուհական գործընթացը կազմակերպելու համար»:

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը և Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտեն սույնով արտահայտում են իրենց դիրքորոշումը վերոնշյալի վերաբերյալ:

1. Աշխարհի տարբեր երկրներում համալսարանական/բուհական կրթությունը զարգացման տարբեր ընթացք և օրինաչափություններ է ունեցել, ինչի արդյունքում ձևավորվել են ակադեմիական/համալսարանական քաղաքներ և/կամ համալսարաններն ու բուհերը գործել ու շարունակում են գործել հենց սովորական քաղաքաների ներսում: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բուհի՝ առանձին «քաղաք» լինել կամ չլինելու հանգամանքը ոչ մի կերպ չի ազդում կրթության որակի և/կամ վերջինիս՝ 21-րդ դարի չափանիշներին համապատասխանելու վրա:

2. Որոշ բուհեր Երևանից դուրս տեղափոխելը բազմիցս քննարկվել է նաև Հայաստանում դեռևս խորհրդային ժամանակներից: Նման քննարկումներում եղել են կողմ և դեմ փաստարկներ ու հիմնավորումներ, սակայն բացառությամբ պոլիտեխնիկական ինստիտուտի որոշ բաժիններ Դիլիջան տեղափոխելու, այլ իրական փորձ գրեթե չի կատարվել՝ չհաշված որոշ բուհերի մասնաճյուղերի առկայությունը Հայաստանի այլ քաղաքներում (այստեղ չենք անդրադառնում մարզերում գործող բուհերին, քանի որ խնդիրը փոքր-ինչ այլ է):

3. Միևնույն ժամանակ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում բուհական կրթության որակի հիմնական խնդիրներն առնչվում են կրթության կազմակերպման և իրականացման ժամանակակից մեթոդների և մեթոդաբանության, ինչպես նաև կրթության կառավարման ժամանակակից մոտեցումների բացակայությանը: Այս խնդիրները պայմանավորված են նաև կրթության որակի ու բնույթի և աշխատաշուկայի տրամաբանության հետ դրա կապակցվածության բացակայությամբ: Կարևոր խնդիրների շարքում են դասախոսական կազմի պատրաստվածությունը, բուհերի գրադարանային և գիտակրթական ռեսուրսները, նյութատեխնիկական և բազային համալրվածությունը, կրթության ֆինանսավորումը և այլն: Հարկ է նշել, որ համակարգային խնդիրների շարքին են պատկանում բուհական կառավարման քաղաքականացվածության, բուհական ինստիտուցիոնալ և ֆինանսական ինքնավարության, ակադեմիական բարեվարքության, որակի գնահատման ու ապահովման խնդիրները։

4. Երևանյան բուհերի ավանդական դասավորվածությունը քաղաքի որոշակի հատվածում՝ Օղակաձև այգուն զուգահեռ և Աբովյան ու Հերացի փողոցների երկայնքով, բուհական ավանի կառուցվածք ունի և ի սկզբանե նախագծվել է իբրև այդպիսին, սակայն այն աղավաղվել է տարիների ընթացքում: Երևանի բուհերի մերձակա հանրային և կանաչ տարածքը մասնավորեցման մոլուցքի արդյունքում տարիներ շարունակ գերծանրաբեռնվել է առևտրային շենքերով, այնինչ նշված գոտիները նախատեսված են եղել ուսանողների հանգստի և բուհական ու քաղաքային միջավայրի ձևավորման համար: Դրա վերադարձն իր նախնական նպատակադրմանը քաղաքաշինական լուծում է պահանջում, որը կարող է բուհական քաղաքի գաղափարը Երևանի սիրտ վերադարձնել: Այն նաև թույլ չի տա էլ ավելի բեռնել քաղաքի կենտրոնն ու այն վերջնականապես մատնել անկառավարելիության:

5. Երևանի բոլոր պետական բուհերի շենքերը մաս են կազմում քաղաքի ժառանգության և պատմական միջավայրի։ Դրանց ֆունկցիոնալ նշանակությունը սերտորեն կապված է տարածական պլանավորման և կառույցների ճարտարապետական ամբողջականության հետ։

6. Երևան քաղաքի վերջին տասնամյակի զարգացումները փաստում են, որ քաղաքաշինական և քաղաքային պլանավորման նորմերի թերությունների, գոյություն ունեցող նորմերի ոտնահարման և վերահսկողության բացակայության պայմաններում, գրեթե բոլոր նմանատիպ նախաձեռնությունները ավարտվել են քաղաքի ժառանգության նկատմամբ ոտնձգություններով, ընդհուպ մինչև ոչնչացում։

Հաշվի առնելով վերոգրյալը ՝ իշխանությանը կոչ ենք անում.

• Մասնագիտական և հանրային լայն քննարկումների միջոցով հստակեցնել, որո՞նք են մեր բուհական համակարգի առաջնային խնդիրները, որ խոչընդոտում են որակյալ կրթությանը, ինչպե՞ս է ակադեմիական/բուհական քաղաքների գոյությունը նպաստում դրանց լուծմանը՝ քննարկելով և՛ արդեն գոյություն ունեցող բուհական «քաղաքի» վերակազմակերպումը՝ Երևանի սրտում, և՛, առանց այն վերացնելու, քաղաքից դուրս հավելյալ բուհական քաղաքներ հիմնելու գաղափարները:

• Իրականացնել գին/օգուտ (cost benefit) վերլուծություն և հիմնավորել, որ առաջարկվող մոտեցումը հանգեցնելու է ցանկալի արդյունքի:

• Ներկայացնել ամբողջական ծրագրով կառավարության պատկերացումները, թե ինչպես Կրթության և գիտության մասին նոր օրենքով համալսարաններին կցված գիտական ինստիտուտները պիտի համագործակցեն քաղաքից դուրս բերված իրենց բաժինների, համալսարաններում կենտրոնացված վարչական ղեկավարության հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ քաղաքից տեղափոխվում են նաև բոլոր գիտական, գիտահետազոտական հիմնարկներն ու դրանց սպասարկող կառույցները՝ սրանից բխող բոլոր հետևանքներով:

• Ներկայացնել, թե ինչպե՞ս է բուհերի շենքերի վաճառքից գոյացած գումարը բավարարելու նոր, գերժամանակակից բուհական քաղաքի կառուցմանը և ի՞նչ է տեղի ունենալու բուհերի շենքերի հետ, ինչպե՞ս և որտե՞ղ է գործելու յուրաքանչյուր բուհական կառույց մինչև այդ քաղաքը կառուցվի ըստ առաջարվող նախագծի, ո՞վ և ինչպիսի՞ պատասխանատվության է ենթարկվելու գումարների ոչ նպատակային ծախսելու համար կամ նոր քաղաքի չկայանալու և հին շենքերի կորստի պարագայում:

• Ներկայացնել, թե ի՞նչ ծրագրով և նոր քաղաքային պլանով է առաջարկվում ձևափոխել ողջ Երևանի ճանապարհային ենթակառուցվածքը, որպեսզի ապահովվի բուհական համալիրներում դասավանդող անձնակազմի և Երևանում բնակվող ուսանողության բազմահազար մարդկային հոսքի տեղափոխումը, որքանո՞վ է նպատակահարմար առանց նման ծրագիր ներկայացնելու, քննարկելու և հաստատելու, գործընթացը սկսել շենքերի վաճառքի ակնարկից:

• Հուշարձանների ցանկից դուրս մնացած բուհերի շենքերը ներառել ցուցակում:

• Օղակաձև այգու, Կորյուն, Խանջյան, Իսահակյան, Թումանյան փողոցների հատվածը, որտեղ տեղակայված են բուհական մասնաշենքերը դիտարկել ամբողջական գոտու մեջ և սահմանել նոր շինարարական նորմեր՝ զսպելով անհարկի կառուցապատումներն ու պահպանելով, նաև շատացնելով համարկված կանաչապատման լուծումները: Վերջապես, այս հատվածում նաև բուհական ավանի գաղափարին ծառայող տրասպորտային լուծումներ տալ:

Առհասարակ, վարչապետի հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ այն ավելի շատ ուղղված է բիզնեսի և բյուջեի հրատապ կարիքները բավարարելուն՝ ի վնաս կրթության, քան միտված է կրթության կարիքները բավարարելուն»։