Իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես երազում էի, որ Հայաստանը կդառնա մի երկիր, որը սոցիալական արդարության ու հավասարության նոր մոդելի, նոր մոտեցման հնարավորություններ կբացի մարդկության առջև։
Մենք միշտ հպարտանում ենք, որ հին ազգ ենք, բայց հին լինելը առավելություն չէ։ Մենք հաճախ հին ու հոգնածի, սպառվածի, ամլացածի տպավորություն ենք թողնում, քան հին ու իմաստունի։
Եթե այսքան դար ապրել ու հասել ենք 21-րդ դար, ապա ի՞նչ է սովորեցրել մեզ մեր անցած ճանապարհը։
Արդյո՞ք գողանալ, կողոպտել կողքինին ու դղյակներ կառուցել, արդյո՞ք հանրային բարիքը յուրացնել, արդյո՞ք հարստություն կուտակել ու հետո՞․․․
Մեկ օր փորձելո՞ւ ենք հասկանալ, թե ինչ է արդարությունը, ինչ է հանրային բարիքը, ինչպես կարելի է արդար բաշխել կամ չդառնալ արտոնյալ, ու միայն յուրայինների բաժան-բաժան անել այն, ինչ բոլորինն է։

Ախր պատմության դասերը հենց դրա մասին են, կուտակեք հարստություն և ոսկի, գալու են մեկ օրում ձեզ քշեն, իսկ ոսկին բակի ծառի տակ եք թաղելու, չեք հասցնելու նույնիսկ ձեզ հետ վերցնել։
Նման պատմական փորձ ունեցող ազգերը պարտավոր են առավել խորագետ լինել, բայց չէ՛, մենք էլի խլում ենք կողքինից ու յուրացնում, նյութականացնում։ Ի՞նչ եք անելու էդ անճաշակ ու տխեղծ ունեցվածքը․․․
Իսկ ես երազում էի, որ կգա մի սերունդ, որը բոլորովին այլ արժեքների կրող կլինի, կհրավիրի աղջ աշխարհից արդար ու սոցիալական Հայաստան կառուցել ցանկացողներին ու նոր մոդելի, նոր հնարավորությունների երկիր կստեղծի։
Փոխարենը եկան ընչաքաղցներ, ու իրենց համեմատության եզրը հենց էն դղյակատերերն են, ոնց անեն, որ խլեն ու իրենք այդ դղյակներում տեղավորվեն, ոչ թե բացառեն նման երևույթը։
Այսօր, երբ Հարության տոնին վերածնվելու հույսով ենք ապրում, դարձյալ երազում եմ, որ կլինի նման մի երկիր, որտեղ մարդիկ կապրեն փոխօգնության ու փոխհամագործակցության, սացիալական արդարության ու մարդասիրության սկզբունքներով»։