Եթե վերաորակման մասին է խոսքը, դատախազությունը պետք է շատ կոնկրետ նշի, թե ինչ հոդվածով է ցանկանում վերաորակել, եւ մենք հասկանանք դա տրամաբանական է, թե` ոչ: Այս մասին այսօր` ապրիլի 3-ին, հրավիրված ասուլիսին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով Ռոբերտ  Քոչարյանի եւ մյուսներին առաջադրված մեղադրանքին:

«Երեկ ես լսեցի, որ գլխավոր դատախազի տեղակալը ասում էր, որ ընդհանուր եւ հատուկ նորմերի հարաբերություն կա այս 309 հոդվածի, այսինքն` պաշտոնական լիազորությունների վերազանցման եւ սահմանադրական կարգի տապալման եւ օրինակ էր բերում ծանրացնող հանգամանքներով սպանության դեպքը, որ այ եթե մի ծանրացնող հանգամանաքը հակասահմանադրական ճանաչվի բա ինչ անենք, հասարակ սպանության համար մարդուն դատենք, թե` չէ: Էդ օրինակը ճիշտ օրինակ է, բայց `էս դեպքը ոչ մի  կապ չունի այս իրականության հետ: Որեւէ մեկի մտքով չի կարող անցնել, որ պաշտոնական լիազորությունների սահմանազանցումը ընդհանուր պետք է դիտել սահմանադրական կարգի տապալման հանցակազմի նկատմամբ` պարչզ պատճառով, որովհետեւ սահմանադրական կարգի տապալումը որեւէ կերպ չի ենթադրում, որ ինչ-որ պաշտոնատար անձինք պետք է լինեն: Ավելին` մեր երկրում, ժամանակին սահմանադրական կարգի տապալման համար դատվում էին մարդիկ, որոնք որ կարծում եմ, որ հենց պետք է դատվեին այս հոդվածով, որն այնպես էլ մինչեւ վերջ չհասավ, այդ թվում ներկայիս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Իմ կարծիքով սա արժանապատիվ ձեւով պարտությունը ընդունելու հուսահատ փորձեր անելու մի բան է, որը էլ ավելի վատացնում էս վատ տպավորությունը էս իրավիճակից»,-ասաց Մելիքյանը: