Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հանրության դատին է ներկայացրել ֆիլմ, որով պատմում է ապրիլյան պատերազմի առասպելների և Նիկոլ Փաշինյանի հերթական ստի մասին։ Ինչպես պրոդյուսերն է ասում՝ այս ֆիլմն այն մասին է, թե ինչպես էր մի պատգամավոր իրեն հրամանատար պատկերացնում, իսկ երբ դարձավ հրամանատար, պարզվեց, որ ընդամենը ստախոս լրագրող է:

Մխիթարյանը խոսել է այն մասին, թե ինչպես օտարերկրյա գործակալական ցանցը և Նիկոլ Փաշինյանը 2016 թվականից կռիվ մտան Հայաստանի Հանրապետության դեմ:

Պրոդյուսերը առանձնացրել է Ապրիլյան քառօրյա պատերազմի 4 ամենատարածված սուտն ու կեղծիքը. արդյո՞ք գեներալ Խաչատուրովը Քառօրյա պատերազմի սկզբում չի գտնվել աշխատավայրում: Արդյո՞ք Քառօրյա պատերազմի առաջնագծում եղել է վառելիքի, ռազմամթերքի և սննդի խնդիր: Ինչու՞ Էր Փաշինյանը պնդում, որ Ապրիլյան պատերազմը հրահրել է Ռուսաստանը: Եվ արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատը մասնակցել է Ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին։

Ապրիլյան քառօրյայի հենց մեկնարկից սոցկայքերում լուրեր էին տարածվել, որ մարտական գործողությունների հենց առաջին գիշերը ՀՀ ԶՈՒ գեներալիտետը տեղում չի եղել, իսկ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը բիլիարդ խաղալիս է եղել և նույնիսկ այն ժամանակ, երբ մի քանի անգամ նրան զեկուցել են պատերազմի մասին, նա անտեսել է այդ տեղեկությունը։

Կուլմինացիան հասավ 2018 թվականի հուլիսին, երբ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը մեղադրեց գեներալիտետին մի շարք հանցագործությունների մեջ, իսկ Խաչատուրովը դիմեց դատարան՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ։

Խաչատուրովի փաստաբանական թիմն էլ դիմեց Արտակ Դավթյանին, որպեսզի վերջինս պաշտոնական տեղեկանք տրամադրի, թե որտեղ է եղել Յուրի խաչատուրովը ապրիլի երկուսի գիշերը և ե՞րբ է հասել աշխատանքի վայր։
Ըստ տեղեկանքի՝ մարտական գործողությունները սկսելուց 20-25 րոպե անց Խաչատուրովը եղել է հրամանատարական կետում և ղեկավարել գործողությունները։ Տեղեկությունները միֆ որակեց նաև ապրիլյան քննիչ հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը։ Այս տարվա մարտին Ստեփան Գրիգորյանն էլ կատարեց դատարանի՝ ուժի մեջ մտած որոշումը, հերքեց երեք տարի առաջ ասած իր ամեն բառը։
Սա միակ միֆը չէր, որ տարածվում էր այսօրվա իշխանամետ շրջանակների կողմից։ Մխիթարյանը նաև անդրադարձավ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին, որի նախագահ ընտրվեց Անդրանիկ Քոչարյանը։ Պետք է պարզեին ամենաշատ շրջանառվող տեղեկություններից մեկը, թե առաջնագծում եղել է զինամթերքի պակաս։ 2020 թվականի ապրիլի երկուսին Քոչարյանը հարցազրույցներից մեկում ասաց, որ զինամթերքի և սննդի հետ կապված շահարկումները չեն հաստատվում և հորդորել փակել այդ թեման։