ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում՝ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի դեմ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա։ Ավելին՝ նյութերի նախապատրաստման 10-օրյա ժամկետն արդեն լրացել է, սակայն փաստաբան Միքայել Շխիմյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռևս չի ստացել քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում։

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին ԱԱԾ-ն «Գագիկ Սողոմոնյան» հայտնի ֆեյքի գործով խուզարկություն է իրականացրել մի շարք հասարակական-քաղաքական գործիչների աշխատասենյակներում, ինչից հետո բերման ենթարկել նրանց։ Բերման ենթարկվածների թվում էր նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, որն ազատ էր արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց։ ԱԱԾ-ն նաև առգրավել է ադրբեջանագետի աշխատանքային համակարգիչը, որով ադրբեջանագետը մանրամասն զեկույց էր պատրաստել՝ ՄԻՊ-ին ներկայացնելու համար։

Անժելա Էլիբեգովային ԱԱԾ տանելու հանգամանքի վերաբերյալ Վահե Խանդիլյան անունով օգտատերը, որը ներկայանում է որպես քաղաքագետ և «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամ, հայտարարել էր, թե Էլիբեգովային ԱԱԾ են տարել՝ դավաճանության հոդվածով։

«Էս չեք այ տխմարներ: ԱԱԾ դավաճանության հոդվածով ադրբեջանագետ, ՀՀԿ անդամ Անժելա Էլիբեգովայի համակարգիչն է առգրավել, որի մեջ է եղել նաև վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ամբողջական զեկույցը, որը պիտի հանձնվեր ՄԻՊ-ին, բայց դա նա փոխանցել է Ադրբեջանին, որի դիմաց ստացել է գումար։ Նա և Արա Սաղաթելյանը (Իշխան Սաղաթելյանի եղբայրը) բերման են ենթարկվել»,- հայտարարել էր օգտատերը։

Այս հայտարարությունից հետո Անժելա Էլիբեգովան հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել իր դեմ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։

Փաստաբան Միքայել Շխիմյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նյութերի նախապատրաստման ընթացքում Էլիբեգովան բացատրություն տվել է, պատրաստակամություն հայտնել՝ վարույթ իրականացնող մարմնի հետ համագործակցելու։ Բացի դա՝ հաշվի առնելով, որ ադրբեջանագետի համակարգիչը դեռևս գտնվում է ԱԱԾ-ում, առաջարկել են, որ վարույթ իրականացնող մարմինն ուսումնասիրի համակարգչում առկա տեղեկությունները։

Փաստաբանը հայտնեց, որ Վահե Խանդիլյանի կողմից արված հայտարարությունից հետո ադրբեջանագետի հասցեին վիրավորանքներ և սպառնալիքներ են հնչել՝ ընդհուպ ֆիզիկական բռնություն գործադրելու, վառելու վերաբերյալ։ Բացի դա՝ նշված գրառումն արտատպել են որոշ լրատվամիջոցներ ևս։ Փաստաբանը չբացառեց, որ հարկ եղած դեպքում հնարավոր է լրատվամիջոցների դեմ հայցադիմում ներկայացնեն՝ զրպարտության և վիրավորանքի համար՝ պահանջելով հերքում տարածել։

Նշենք, Ա.Էլիբեգովային բերման ենթարկելուց հետո՝ ԱԱԾ-ն նրան որեւէ մեղադրանք չի առաջադրել, անգամ որպես կասկածյալ չի ներգրավել։