ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս ամբաստանյալների արարքը պետք է որակվի Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

 

«Քրեական օրենսգրքում հանցակազմեր կան նախատեսված, որոնք ընդհանուր և հատուկ են, մեկը մյուսի մեջ կլանում են, երբ հատուկ նորմն իր մեջ կլանում է ընդհանուր նորմը: Երբ կա հատուկ նորմ, արարքը չես կարող որակել ընդհանուր նորմով, երբ կա հատուկ հանցակազմ, չես կարող արարքը որակել ընդհանուր հանցակազմով, այլ պետք է որակես հատուկ հանցակազմով: Նման հարաբերակցություն ունեն քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասը և 300.1-րդ հոդվածը, որով որակված էր չորս ամբաստանյալների արարքը: Քանի որ հատուկ նորմը վերացվելուց հետո առաջանում է արարքի վերաորակավորման հարց, իսկ արարքի վերաորակավորման հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերը չեն տալիս, արգելափակում են վարույթը, գլխավոր դատախազը դիմել է ՍԴ՝ մեր կողմից կիրառման ենթակա նորմերի սահմանադրականությունը որոշելու համար, և մենք միջնորդությանը պատասխանելիս դատարանին ներկայացրել ենք հիմնավորումներ, թե ինչու դատարանը հետապնդումը դադարեցնելու փոխարեն պետք է դիմի ՍԴ, և պարզվի նման իրավիճակում հետապնդում դադարեցնել պարտավորեցնող նորմի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը»,- նշել է  Բաղդասարյանը:

Ըստ դատախազի` երբ անձի արարքում այդուհանդերձ կա հանցագործություն, և դա ձևական պահանջի պատճառով դադարեցվում է հետապնդումը, ստացվում է՝ կար հանցագործություն, կար հանցագործությունից տուժած անձ, և անձը պատասխանատվության չենթարկվեց:

«Իսկ միջազգային իրավական փաստաթղթերն ու Վճռաբեկ դատարանի դիրքորոշումներն արձանագրում են, որ դա խախտում է տուժողի իրավունքը»,- ասել է  դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

Ըստ դատախազի՝ ամբաստանյալների արարքը 300.1-րդ հոդվածով է որակվել հատուկ և ընդհանուր նորմերի մրցակցությամբ պայմանավորված:

 

«Այն ժամանակ արարքը չէր կարող որակվել 309-րդ հոդվածով, քանի որ կար 300.1-րդ հոդվածը: Չկա հիմա 300.1-րդ հոդվածը, այդ արարքը պետք է որակվի 309-րդ հոդվածով: Մեխանիզմի խնդիր կա, և մեխանիզմի խնդիրն էլ բարձրացվում է ՍԴ-ում: Դատարանին էլ առաջարկում ենք, որ ինքն էլ հարցը բարձրացնի, որ մեխանիզմի բացակայության պատճառով տուժողների իրավունքները չխախտվեն»,- եզրափակել է Բաղդասարյանը:

Շարունակությունը սկզբանղբյուր կայքում: