Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների ամենօրյա աշխատանքը շարունակվում է։ Հետևողական բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Վարդենիսի բաժնում երկու դեպք արձանագրվեց։ Մեծ Մասրիկ գյուղի մի բնակիչ բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակներ ու տարբեր տրամաչափի 70-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա, պատկանել են հանգուցյալ հորը։

Մեծ Մասրիկ գյուղի մեկ այլ բնակիչ էլ կամավոր հանձնել է գործարանային համարով «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, պահունակ ու փամփուշտներ, որոնք, ըստ նրա, պատկանել են հանգուցյալ եղբորը։ «Կալաշնիկովի» կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Գավառի բաժնում։ Ինքնաձիգը, պահունակն ու փամփուշտները բաժին էր բերել Կարմիրգյուղում բնակվող մի երիտասարդ։ Գործարանային համարով «Կալաշնիկովի» և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Ջերմուկի բաժնում։

Դրանք կամավոր հանձնող տղամարդը հայտնել է, որ ինքնաձիգն ու փամփուշտները բերել էր նախորդ տարի՝ Արցախից։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքը։ Դիլիջանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է նախորդ տարի Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ։

Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Գյումրիում բնակվող մի կին բաժին էր բերել հանգուցյալ ամուսնու ինքնաշեն ատրճանակն ու փամփուշտները, որոնք գտել էր խորդանոցը մաքրելիս։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Ապօրինի զենք-զինամթերք պահողներին հորդորում ենք դրանք կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։