«Ցավոք, սա այն Հայաստանը չէ, որտեղ Հայաստանի քաղաքացին կարող է և արժանի է ապրել արժանապատվորեն, որտեղ մարդիկ պետք է ապրեն անվտանգ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը եւ ավելացրել. «հայտնվել ենք մի վիճակում, երբ անորոշությունը, պաշտպանվածության զգացողության բացակայությունը, հուսահատությունը այսօր գերակշռում են։ Հայրենիքը հայտնվել է կրիտիկական ծանր վիճակում»։

Ն.Նորիկյանն այսօր այցելել էր Եռաբլուր պանթեոն ՝ իր խոնարհումը բերելու քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Ըստ նրա՝ քառօրյա պատերազմից հետո թվում էր, որ բոլորս դասեր կքաղենք և պետականաշինության և բանակաշինության գործընթացում ներքին համերաշխության կստեղծեինք, բայց ցավոք, 2020 թվականի Արցախի աղետալի պատերազմը փաստեց, որ պատմության դրվագներին համահունչ այս անգամ էլ ճիշտ չհաշվարկեցինք մեր համազգային պոտենցիալը, որի արդյունքը բոլորին է հայտնի։

«Անհրաժեշտ է դասեր քաղել այս պատերազմից, եթե այս անգամ էլ դասեր չքաղենք, հետևություններ չանենք՝ մարտունակ բանակ ու բարեկեցիկ Հայաստան չստեղծեցինք, կարծում եմ, որ սերունդների համար լուրջ բեռ ենք թողնելու»,- ասաց նա։

Պարտվածության ֆոնի վրա, երբ բոլորն ուզում են մեզանից ինչ-որ բան պոկել, պետք է որոշ ժամանակով դադար առնենք ներքին ռեսուրսները կենտրոնացնելու և ընդհանուր նպատակները ֆիքսելու համար։ Ժողովուրդը դառը պարտությունից հետո երկու ֆունդամենտալ հարցի պատասխան պետք է գտնի՝ ո՞րն է հայ ժողովրդի ընդհանուր նպատակը և ո՞րն է ՀՀ –ի ընդհանուր նպատակը։ Նորիկյանի դիտարկմամբ՝ գուցե մի օր ոխերիմ թշնամիների հետ հաղորդակցվելու ժամանակը գա, բայց ոչ այն ժամանակ, երբ օգտագործվում է ժողովրդի արժանապատվությունը, հակառակը, պետք է ստեղծել այնպիսի պետություն, որը բանակցություններ կվարի, ընդ որում նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ հայկական շահի սպասարկման և ինքնիշխանության դիրքերից։

«Դժվար է այսօր տպավորություն թողնել, թե ոչինչ չի եղել, դառը պարտություն չենք կրել, ամեն ինչ մոռանանք ու սկսենք նորմալ հարաբերություններ հաստատել մեր ոխերիմ թշնամիների հետ, դրա համար անհրաժեշտ է ձևավորել արժանապատիվ ֆոն, ոչ թե ՀՀ և ժողովրդի շահերի դեմ։ Հասկանալի է, որ 21-րդ դարում ենք գտնվում, հասկանալի է, որ հաղորդակցությունները պետք է գործեն, բայց եթե այդ ամենը պետք է լինի արժանապատվության ու ստորացման հաշվին՝ ես ինքս դեմ եմ այդպիսի համագործակցությանը»։