Ամենասարսափելին գիտեք ինչն է, որ հայրենիք ստեղծողին, հայրենիքի համար պայքարողին այսօր ճանապարհում են հայրենիք հանձնողները։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Սասնա ծռեր» շարժման անդամ Պավլիկ Մանուկյանը։

«Խեղճ մարդը շվարած գնաց աշխարհից։ Յուրաքանչյուր հայի համար էլ շատ վատ է։ Հայաստանում ունեցանք իշխանություն, որն ահաբեկչական մի կառույց է։ Առավոտից արթնանում ենք ասեղների վրա, ասեղների վրա էլ քնում ենք։ Նժդեհի խոսքը շատ տեղին է՝ «Մեռելներին չպաշտող ժողովուրդը դատապարտված է շատ ահավոր բանի», ինչին որ ականատես եղանք։ Ականատես եղանք նաեւ այն բանին, որ մեր այն սրբագույն տղաները, որոնք իրենց մարմնով կանգնեցրին այսպես կոչված՝ 44-օրյա պատերազմը, ես համարում եմ, որ հայ զինվորը աշխարհին դեմ գնաց, եւ ամենասարսափելին՝ ՀՀ դավադիր իշխանությանը։ Շատ ցավալի է, որ այսօր նման խոնարհ հերոսի գլխավերեւում դավաճաններն են եկել, կանգնել»,- նշեց նա։

Մանուկյանը նշեց, որ վստահ է՝ շուտով կունենանք այն Հայաստանը, որն ուզում է ցանկացած ազնիվ հայ հերոս. «Այսինքն՝ աղբը կհայտնվի աղբանոցում։ Մեր ոտքերի տակը մաքուր կլինի, ցանկացած մեզ նետած ձեռնոց, մենք կարող ենք ասպետավար վերցնել եւ պատասխանել»։

Պավլիկ Մանուկյանի խոսքով՝ մենք ոչ թե պետք է ունենանք միայն Կոմանդոսի երազած Հայաստանը, այլ նաեւ բոլոր այն տղաների, որոնք, երազանքն աչքերին, իրենց հիշողության մեջ չեն ծերանալու։

Հարցին՝ արդյոք կկարողանա՞նք ազատագրել Շուշին, Մանուկյանը պատասխանեց՝ ոչ միայն Շուշին. «Ես բոլորիդ խոստանում եմ, որ ոչ միայն Շուշին»։

Հիշեցնենք, որ 81-ամյա լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը մահացել է մարտի 31-ին։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգեւոր արարողակարգ: