Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայության նորահայտ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, պարզվում է, մինչեւ Լոռու մարզի դատավոր նշանակվելը աշխատել է ոստիկանական համակարգում: Անդրանիկ Սիմոնյանը բավականին երիտասարդ է, ընդամենը 31 տարեկան, սակայն Արգիշտի Քյարամյանի օրինակով արդեն հասցրել է տարբեր պաշտոններ զբաղեցնել:

Նա 2009-2012 թվականներին աշխատել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության իրավական փորձաքննությունների բաժնում նախ` որպես տեսուչ, ապա` ավագ տեսուչ, նաեւ օպերլիազոր: Ապա չորս տարի եղել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ: Արդեն 2020 թվականի հունիսի 22-ին նա նշանակվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Պաշտոնական կենսագրության համաձայն՝ Անդրանիկ Սիմոնյանը սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում եւ Կառավարման ակադեմիայում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի կոչում:

Սակայն հետաքրքիր է, որ «Քննչական կոմիտեի» մասին ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «Քննչական կոմիտեում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, Հայաստանի Հանրապետությունում բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին»:

Նկատենք, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակվելով է հենց հնարավորություն ստեղծվել պաշտոն ստանալ ԱԱԾ-ում, սակայն փաստ է, որ Անդրանիկ Սիմոնյանն իր այս կարիերայի թռիչքներին հասել է ուրիշների շնորհիվ: Հիմա նրա հովանավորը «Իմ քայլ»-ի քարտուղար Հակոբ Սիմիդյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում