Այսօր առավոտյան ապրիլյան պատերազմի հենդանի հերոս, հատուկջոկլատային Ռազմիկի գրառումը կարդացի, որի հետ 100 տոկոսով համաձայն եմ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ մեր տղաները, Ադամն ու իր զինակից ընկերները, սպաները կտրեցին թշնամու լեզուն եւ թաթը: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Ապրիլյան պատերազմում զոհված Ադամ Սահակյանի մայրը:

«Արդեն այս պատերազմի ֆոնին երեւում է, թե աշխարհաքաղաքական ինչ աղետ կանխեցին: Իհարկե, 1990-ականներին արցախյան առաջին պատերազմում մեր եղբայրները, հայրերը ազատագրեցին մեր տարածքները թշնամուց, իսկ ապրիլյանի մեր տղաները չթողեցին, որ թշնամին թափանցի մեր հայրենիքի խորքերը: Հետո չեմ շարունակում, դնում եմ բազմակետեր»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։