Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանին պաշտոնից ազատելու մասին հրամանը դատական կարգով կվիճարկվի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Անտոնյանին պաշտոնից ազատելու համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների, վարչապետի գործունեությունը քննադատող նյութեր և տեսանյութեր տարածելը։ ՔԿ նախագահն արդեն ստորագրել է Անտոնյանին պաշտոնից ազատելու մասին հրամանը։

Փաստաբանի դիտարկմամբ՝ փորձ է արվում ներկայացնել այնպես, որ իր էջում կիսվելով նշված գրառումներով դիրքորոշում է հայտնել, սակայն Անտոնյանը դիրքորոշում չի հայտնել։ Ըստ փաստաբանի՝ իրականացվում է քաղաքական հետապնդում, պատրաստվում են դատական կարգով վիճարկել Անտոնյանին պաշտոնից ազատելու մասին հրամանը ։

«Նա չի կիսվել չէ՞ սիրուն աղջիկների նկարներով, նա կիսվել է նրանով, ինչը վերաբերում է քաղաքական իշխանությանը»,- նշեց նա՝ հավելելով, որ դա դիտարկվել է այնպես, որ անձը քաղաքական զսպվածություն չի դրսևորել, բայց ինչից են որոշել, որ քաղաքական զսպվածությունը հենց դրանով պետք է արտահայտվեր, դա ՔԿ պաշտոնական դիրքորոշումն էր։

«Դա նշանակում է, որ ցանկացած անձ, որը ենթադրյալ կարող է միանալ քաղաքական իշխանության վերաբերելի այս կամ այն քննադատությանը, ուրեմն նա հետապնդման ենթակա է, այսինքն՝ կազատվի աշխատանքից»,- նշեց Սարգսյանը։

Փաստաբանն ընդգծեց, որ Անտոնյանի կողմից որևէ կարգապահական խախտում չի եղել, դա կարող է ցանկացած ողջամիտ մարդ արձանագրել։

Բացի դա, ըստ փաստաբանի, Անտոնյանի դեպքն առաջինը չէ։ Նա հայտնեց, որ նմանատիպ դեպք եղել է նաև Եղվարդի քննչական բաժնում, երբ քննիչին պաշտոնից ազատել են իշխանություններին քննադատող գրառումներով կիսվելու համար, սակայն վերջինս որևէ դիրքորոշում չի հայտնել իրեն պաշտոնից ազատելու հետ կապված, չի վիճարկել պաշտոնից ազատելու մասին հրամանը։

Տվյալ պարագայում՝ Անդրանիկ Անտոնյանը ցանկություն է հայտնել պայքարելու՝ իրեն ապօրինի ազատելու որոշման դեմ։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Անտոնյանը պատերազմի առաջին իսկ օրերից՝ սեպտեմբերի 29-ից կամավորագրվել եւ մասնակցել է պատերազմական գործողություններին։ 40 օր շարունակ քննիչը եղել է ամենաթեժ կետերում՝ սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 25-ը եղել է Եղնիկներում, որից հետո մասնակցել է Սղնախի, Քարին տակի, Շուշիի մարտերին։

Նա Շուշիից վերադարձել է նոյեմբերի 7-ին։ Մահվան ու կռվի միջով անցած քննիչը պարզվում է չպետք է ունենա սեփական կարծիքը՝ Փաշինյանի ստեղծված «ժողովրդավարական» երկրում ու Նիկոլ Փաշինյանին քննադատող գրառմամբ ֆեյսբուքյան էջում կիսվելու համար նրա հարցը քննարկման առարկա է դարձվել կարգապահական հանձնաժողովի նիստում՝ որպես պատժի տեսակ ընտրվելով աշխատանքից հեռացումը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան