«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս մի հատկանշական իրադարձություն է տեղի ունեցել, որը տարօրինակ կերպով դուրս է մնացել մեր հանրության ուշադրությունից: Վարչական դատարանի որոշմամբ առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կասեցվել է Երեւանի ավագանու որոշումը, որը վերաբերում է աշխատակազմի կառուցվածքային փոփոխություններին:

Առաջին հայացքից աննշան թվացող այս դեպքը իրականում հետաքրքիր շերտեր ունի: Չնայած այն հանգամանքին, որ փոփոխություններն առնչվում են Կենտրոն վարչական շրջանի 35 աշխատակիցների, նրանցից 5-ն են դիմել վարչական դատարան ընդդեմ ավագանու, այսինքն՝ պատասխանող է հանդիսանում Երեւանի ավագանին: Ավագանու որոշումը վարչական ակտ չէ, եւ եթե նույնիսկ դատական վիճարկման խնդիր կար, ապա դա պետք է քննվեր այլ դատարանում, այլ կազմով, բայց հայցատուները դիմել են վարչական դատարան, իսկ վարչական դատարանը, ավագանու որոշումը կամայականորեն համարելով վարչական ակտ եւ վարույթ ընդունելով, կասեցրել է ավագանու որոշման իրականացումը:

Սա, ըստ իրավաբանների, այնքան ակնհայտ ապօրինություն է, որ հարցը հիմա քննարկվում է եւ՛ արդարադատության նախարարության կողմից, եւ՛ ԲԴԽ -ում: Արդյո՞ք սա ինչ-որ պատահական թյուրիմացություն է: Պարզվում է՝ ոչ: Մեր աղբուրները պնդում են, որ մինչ դատարանի վարույթ ընդունելը հետաքրքիր հանդիպում է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի, Կենտրոն վ/շ քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանի, Կենտրոն վ/շ ֆինանսական բաժնի նախկին պետ, ներկայիս ՊՎԾ աշխատակից Տիգրան Քանքանյանի եւ վարույթ ընդունած դատավոր Հրաչ Այվազյանի միջեւ:

Հանդիպումը տեղի է ունեցել Վիկտոր Մնացականյանի կաբինետում, որն այժմ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենն է: Այդ հանդիպումից մի քանի օր հետո դատավոր Այվազյանի գրչի մեկ հարվածով սույն հայցադիմումը վարույթ է ընդունվում եւ ավագանու որոշման իրականացումը կասեցվում է:

Տարօրինակ է նաեւ այն արագությունը, որով դատարանը վարույթ է ընդունում այս գործը: Իր դանդաղկոտությամբ աչքի ընկնող վարչական դատարանը գործի վարույթ ընդունելու վրա ծախսում է 2 աշխատանքային օր, ինչն իր հերթին կասկածների տեղիք է տալիս: Ինչեւէ: Առաջին դատական նիստը նշանակված է ապրիլի 27-ին: Տեղեկություններ կան, որ դատավորի ակտիվ մասնակցությամբ հայցվորները պատրաստվում են անվերջ ձգձգել հայցի քննումը: Իսկ որտեղի՞ց է սկսվել այս պատմությունը: Բանն այն է, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Վիկտոր Մնացականյանին աշխատանքից ազատելը կապված էր նրա՝ նախկինների հետ կապերով եւ դրա արդյունքում ի նպաստ նախկինների մի քանի տասնյակի հասնող որոշումներով: Հարցը որոշվել է լուծել առանց աղմուկի, եւ քաղաքապետ Մարությանը Կենտրոն վ/շ ղեկավար է նշանակել իր մանկության ընկեր Ավետ Պողոսյանին, որին անվերապահ վստահում է:

Նոր ղեկավարը շատ կոշտ կադրային քաղաքականություն է իրականացրել, կարելի է ասել՝ կադրային ջարդ է սկսել, որի արդյունքում փոխվել է 7 բաժնի պետ, իսկ մոտ 30 աշխատակից հեռացվել է աշխատանքից: Կենտրոն վ/շ-ում մեր աղբյուրները հայտնում են, որ, ըստ էության, քաղաքական հետապնդում է իրականացվում բոլոր այն աշխատակիցների նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ պահպանում են կապը նախկին պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ անհանդուրժողականություն է դրսեւորվում Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ քննադատաբար արտահայտվողների նկատմամբ, անցանկալ իների համար ստեղծվում են պայմաններ, որպեսզի նրանք իրենց կամքով դուրս գան աշխատանքից: Այդպիսի դեպքերը տասնյակ են: Հարց կառաջանա. իսկ ինչո՞ւ է այդքան հանդուրժող Կենտրոն վ/շ քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանի նկատմամբ, որը նույնպես աջ ու ձախ քննադատում է իշխանություններին:

Բանն այն է, որ Մանուել Մարգարյանը ՔՊ անդամ է, անդամագրվել է 2018-ի հեղափոխությունից հետո եւ վայելում է ՔՊ «հակաքաղաքապետական» մի խմբի աջակցությունը: Ըստ մեր աղբյուրների, ժամանակի ընթացքում կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել Մանուել Մարգարյանի եւ Կենտրոն վ/շ ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջեւ: Ազիզյանը փաստացի կոռուպցիոն գործունեության դրվագներ է փաստել Մանուել Մարգարյանի գործունեության մեջ, իր հերթին Մանուել Մարգարյանը, հասկանալով, որ իր գործունեությամբ զբաղվելու են իրավապահները, իր հերթին կոռուպցիոն մեղադրանքներով դիմել է իրավապահ մարմիններին ընդդեմ Արմեն Ազիզյանի: Մեր տեղեկություններով, այս մասով մի քանի քրեական գործեր են քննվում իրավապահ մարմիններում: Պետական համակարգում կարծիք կա, որ սա շատ տիպական վիճակ է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում իշխանության եւ իշխող ՔՊ կուսակցության կուլիսներում:

Փաստացի, կան մարդիկ, ում համար կուսակցական տոմսը կամ պաշտոնը անօրինական գործունեությամբ, այդ թվում՝ կոռուպցիայով զբաղվելու քարտբլանշ է: Ի դեպ, Արմեն Ազիզյանին վերաբերող քննվող գործերի մասին մամուլն արդեն գրել է: Առաջիկայում կանդրադառնանք Մանուել Մարգարյանին առնչվող քրեական գործին, որը բավականին հետաքրքիր նյութ է պարունակում նորահայտ կուսակցականների գործունեության վերաբերյալ եւ ցույց է տալիս, թե իրականում ինչպես են, ծածկվելով կուսակցական-հեղափոխական անձրեւանոցով, լուծում անձնական խնդիրներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում