Համոզված չենք, որ ընտրություններ լինելու են. վարչապետի աթոռին սոսնձված անձնավորությունը դեռևս ուսումնասիրում է, թե ինչպիսինն է իր ռեյտինգը, որից հետո համապատասխան որոշում կկայացնի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար , գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
ՊՆ նախկին նախարարից հետաքրքրվեցինք՝ մասնակցելու՞ է հունիսի 20-ին անցկացվելիք արտահերթ ընտրություններին և ի՞նչ ձևաչափով, վերջինս էլ նշեց, որ դեռևս վերջնական որոշում չունի.

«Իսկ ՀՀ-ում որոշում կայացրե՞լ են՝ ընտրություններ լինելո՞ւ են, թե՞՝ ոչ: Ընտրություններ անցկացնելու որոշումը իր մեջ պարունակում է համապատասխան ընթացակարգեր, որոնք պետք է ընդունվի Ազգային ժողովում, կառավարության ղեկավարությունը համապատասխան քայլ պետք է անի, հրաժարվի իր պաշտոնից, որից հետո նախագահը պետք է ընտրությունների օր նշանակի, եթե այդ ամեն ինչը արված չէ, մենք էլ համոզված չենք, որ ընտրություններ լինելու են, վարչապետի աթոռին սոսնձված անձնավորությունը, խախտելով բոլոր օրենքները, սկսել է քարոզչություն անել, տնտղում է, ուսումնասիրում է, թե ինչպիսինն է իր ռեյտինգը, որից հետո նա կարող է համապատասխան որոշում կայացնել, եթե այսքանն արված չէ, ի՞նչ կարող ենք մենք ասել: Եթե վերջնական որոշում լինի, որ պետք է լինեն ընտրություններ, դիրքորոշում կհայտնեմ: Այս պահի դրությամբ իմ որոշումը միակն է՝ ընտրությանը կմասնակցեմ որպես քաղաքացի »,-ասաց Օհանյանը:

Զրուցակիցն արձանագրում է, որ այս իրավիճակում ընտրություններ կարող են կազմակերպել չեզոք մարդիկ, ովքեր չեն հավակնում իշխանության.

«Ով չի հասկանում, թե ինչ է նշանակում ընտրական գործընթաց կազմակերպել այս իշխանության օրոք, նկատի ունեմ, որ վարչական ռեսուրսը կիրառվելու է իրենց օգտին՝ դիվեդենտներ հավաքելու համար: Ես գտնում եմ, որ այս իրավիճակում ընտրություններ կարող են կազմակերպել չեզոք մարդիկ»,-ասաց Օհանյանը:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ս.Օհանյանը ընտրություններին մասնակցելու է Ռ.Քոչարյանի հետ համատեղ, նրա գլխավորած ցուցակով։ Արձագանքելով այս տեղեկություններին Ս.Օհանյանը նշել է. «Դա ենթադրում է, որ պետք է որևէ կուսակցության ցուցակում լինեմ, ես որևէ կուսակցության անդամ չեմ:

Դեռևս պետք է որոշվի՝ ինչ են անելու, դրանից հետո մենք որոշում կընդունենք»: