Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ ԱԺ ամբիոնից նախագիծը ներկայացնող Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ ռեյտինգային ընտրակարգը մշտապես եղել է քննադատության առարկա թե՛ քաղաքական ուժերի, թե հասարակական կազմակերպությունների, մասնագիտական շրջանակների կողմից, և այս համակարգի ներդրման պահից կա հանրային պահանջ, որ այն պետք է փոխվի։

«ԱԺ ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն։ Հենց այս փուլում մենք պետք է այս փոփոխությունն ընդունենք և հրաժարվենք ռեյտինգային ցուցակներից։ Այս հարցում բոլորս ենք համակարծիք», — ասաց Հովակիմյանը։

Նա ասաց, թե փոփոխություններով առաջարկվում է նաև անհրաժեշտ համապատասխան իրավական հիմքերը սահմանել ընտրական գործընթացները կարանտինի պայմաններին համահունչ կազմակերպելու համար։

Նախագիծը մշակելիս քննարկումներ են իրականացրել ԿԸՀ-ի, Արդարադատության ներկայացուցիչների, մասնագիտացված կազմակերպությունների հետ։ Պատրաստի նախագիծը ուղարկվել է նաև ՀՀ նախագահին, որպեսզի եթե նախագահը առարկություններ ունենա, դրանց մասին հայտնի հեղինակներին։