Պետական պաշտոնյաների ընտանիքի անդամների՝ մարզասրահ ու լողավազան այցելելը բյուջեի վրա որեւէ ազդեցություն չի ունենա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

«Դա բյուջեի վրա որեւէ ազդեցություն չի ունենալու, ընդամենը եւս մեկ հնարավորություն է սոցփաթեթի շրջանակներում։ Դա կնպաստի բնակչության առողջ ապրելակերպ մղելու ունակությանը, դա լինի բնակչության մոտ սովորություն նաեւ հրաժարվելու վնասակար սովորություններից եւ պասիվ կյանքից։ Սոցփաթեթի շրջանակներում հնարավորություն էր տրվում 4 ուղղությամբ գումարը ծախսել, եւս մեկ ուղղություն ավելացել է։ Որեւէ խնդրահարույց բան չեմ տեսնում»,- ասաց Զեյնալյանը։

Հիշեցնենք, որ Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 1-ի նիստում որոշում է կայացրել փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որով սահմանվում է, Պետական պաշտոնյաների ու պետծառայողների ընտանիքի անդամները մարզասրահներ կայցելեն հարկատուների գրպանի հաշվին: