Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 1-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որով սահմանվում է, Պետական պաշտոնյաների ու պետծառայողների ընտանիքի անդամները մարզասրահներ կայցելեն հարկատուների գրպանի հաշվին:

Հայտնի է, որ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է սոցիալական փաթեթ, որով սահմանված ծառայությունները, ըստ օրենքի, սահմանում է կառավարությունը:

Այս նոր որոշմամբ, սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացվում է եւս մեկը՝ մարզա-առողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունը:

Մինչ այժմ սոցփաթեթը ներառում էր  հանգստի ապահովումը ՀՀ-ում եւ Արցախում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարումը, ուսման վճարի մարումը, շահառուի եւ շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի ձեռքբերումը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն  կնպաստի պաշտոնյաների ու պետական ծառայողների ընտանիքների «առողջ ապրելակերպի ձեւավորմանը եւ ֆիզիկական կոփմանը»: