Նիկոլ Փաշինյանը, իր բոլոր առավելություններով և թերություններով հանդերձ, էմոցիոնալ է շատ, դրա հետ մենք բոլորս պետք է համակերպված լինեինք: Նա էմոցիոնալ է իր բոլոր արտահայտություններում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ նշելով, թե նրա էմոցիոնալ լինելը չեն հակասում նրա հայրենասիրությանը և հայրենիքի նվիրվածությանը։

«Հայրենասեր» իշխանությունները մտադիր են վերանայել 1,5 մլն հայ բնաջնջած, ցեղասպանություն իրականացրած եւ առ այսօր Հայոց Ցեղասպանությունը հերքող Թուրքիայի հետ հարաբերությունները։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ պատգամավորը կարծիք հայտնեց, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հարցերը պետք է նախևառաջ քննարկվեն հասարակության հետ։

«Դժվար է այս մասին մտածել և խորհել, բայց ես շատ կցանկանայի, որ այս օրակարգերը, որոնք բարձրաձայնվում են, դառնան լուրջ քննարկման առիթ հասարակության հետ: Ես որպես մարդ, հոգեբանորեն պատրաստ չեմ դրան, բայց կցանկանայի ինքս էլ նախապատրաստվել և բոլորն էլ նախապատրաստված լինեին ցանկացած քննարկման»,-ասաց իմքայլական պատգամավորը: