Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝  լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման և խաղաղապահ գործողություններ իրականացնելու, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության վիճակն ու հեռանկարները», — ասել են ռուսական ռազմական գերատեսչությունից։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 31-ին ընդունել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ապահովման և փոխգործակցության կազմակերպան հարցեր, ընդգծվել է հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և անհայտ կորածների որոնողական աշխատանքների կարևորությունը։