Մարտի 31-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանին։ Քննարկվել են բնակարանաշինությանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

«Օրերս ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի ՀՀ պետական բյուջեից և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից 110 մլրդ դրամ է հատկացվելու Արցախին, ուստի բնակարանաշինությունը շատ արագ տեմպով պետք է իրականացվի»,- իր խոսքում ընդգծել է Արթուր Թովմասյանը։

Քաղաքաշինության նախարարը ներկայացրել է կատարված  աշխատանքները և խոսել առաջիկա նախագծերի մասին։ Պատերազմից տուժած բնակարանների տերերից 7000 դիմում են ստացել, որից 4500-ը՝ Ստեփանակերտի բնակիչներից։ Արդեն իսկ 962 օբյեկտում շինարարություն է իրականացվում, 2500 բնակարանի դուռ-լուսամուտ է փոխվել, 2600 ընտանիքի՝ շինանյութ տրամադրվել։Արամ Սարգսյանի հաղորդմամբ՝ նախարարությունը  սերտ համագործակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ։ Մի շարք նախագծեր քննարկման փուլում են։

Կնունյանց փողոցում 63 բնակարանանոց շենք է կառուցվելու, Տիգրան Մեծ փողոցում կառուցվելիք շենքը նախագծման փուլում է։ Իվանյան համայնքում 7 նոր շենք կկառուցվի։ Ընթացքի մեջ են Թումանյան փողոցում 153 բնակարանոց շենքի շինարարությունը, 108 բնակարանոց շենքի շինարարությունը՝ կաթի գործարանի հարևանությամբ։ Եվս  30 բնակարան էլ կկառուցվի 6-րդ դպրոցի նախկին շենքում։ Ընդհանուր առմամբ՝ 2021-2022 թթ․ Ստեփանակերտում  700 նոր բնակարան կկառուցվի։

Հաշվառվել է նաև համայնքների հին ու տիրազուրկ բնակֆոնդը։ Արդեն իսկ 100 ընտանիք տեղավորվել է Դահրավ, Բադարա, Խնձրիստան և Ասկերանի շրջանի այլ համայնքներում։ 350 օբյեկտում շինարարական աշխատանքներ են սկսված։ Իրականացվում են նաև ասֆալտապատման ու փողոցային լուսավորման աշխատանքներ։

«Արցախի վերակառուցման բոլոր ծրագրերը կյանքի կկոչվեն»,- հավաստիացրել է նախարարը։