Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի գործով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից նյութերը ստանալուց անմիջապես հետո պատրաստվում եմ դիմել Ռուսաստանի Դաշնության իրավապահներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը։

Հիշեցնենք՝ NEWS.am-ին ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրել էին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի եւ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին փաստաբան Ամրամ Մակինյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել։

Փաստաբան Մակինյանն ասաց՝ որպեսզի պատկերն ավելի ամբողջական ներկայացնեն ՌԴ իրավապահներին՝ անհրաժեշտ է ԱԱԾ-ի կողմից նախապատրաստված նյութերը. «Համոզված եմ, որ քրեական հետապնդում է սկսվելու։ ՌԴ-ի քրեական օրենսգիրքն ուղիղ նախատեսում է ՌԴ-ի տարածքից դուրս կատարած հանցագործությունների քննության առանձնահատկությունները, ՌԴ ՔՕ 12-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ ՌԴ ՔՕ-ով ենթակա են քննության այն դեպքերը, երբ դա արվում է ՌԴ քաղաքացու դեմ։ Անձը քրեական պատասխանատվության չի ենթարկել, որովհետեւ պետությունը, այսինքն՝ հանցավոր խումբը հրաժարվում է քրեական գործ հարուցել։ Սպասելի էր, որ պետք է քրեական գործի հարուցման մասին որոշում կայացվեր։ Մյուս կողմից ես մի փոքր հույս ունեի, որ իրավասու մարմինները ողջամտություն կցուցաբերեն եւ համապատասխան գնահատականներ կտան, չեն ներգրավվի կոծկման աշխատանքներին։ Բոլոր մեղավորներն այս ամեն ինչի համար պատասխան են տալու եւ պատժվելու են»։

Նա հայտնեց, որ Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների մասով եւս հանցագործության մասին հաղորդում կներկայացնի. «Այդ մասով եւս քրեաիրավական գնահատականներ են սպասվում այս հանցավոր խմբակին։ Փաշինյանը ցուցումներ է տալիս քրեական գործերին, այն ուղղորդվում է իր օգնականի միջոցով։ Օգնականն, ըստ էության, ընդունել էր, որ ինքն է խմբագրել մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, ընդունել էր նաեւ, որ ստացել է Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները։ Նա ասում է՝ ես չեմ նայել այդ տեղեկությունները, անձնական տվյալներ են պարունակում, ջնջել եմ։ Կարելի՞ է այս աստիճանի ծիծաղի առարկա դառնալ։ Մի փոքր արժանապատվության դեպքում կարելի էր գնալ ու կանգնել դատարանի առաջ»։

Անդրադառնալով ԱԱԾ-ի որոշման բովանդակության այն մասին, որ Վարդապետյանը որպես քրեական իրավունքի մասնագետ է օժանդակել քննիչին՝ Մակինյանն արձագանքեց. «Իրենց պատմածի վրա իրենց ծիծաղը չի՞ գալիս։ Ես իրենից ավելի լավ մասնագետներ եմ ճանաչում Քննչակա կոմիտեն թող ուղարկի այդ մարդկանց։ Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումները կարող են ուղարկել համալսարան՝ խմբագրելու համար։ Կարող են ինձ ուղարկել, ես կխմբագրեմ այդ որոշումը»։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին 168.am-ը հրապարակել էր տեսանյութ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, եւ ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։

Փաստեր են հրապարակված մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։

Փաստաբան Ամրամ Մակինյանն էլ Աննա Վարդապետյանի եւ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին հաղորդում էր ներկայացրել Դատախազություն։ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանը զեկուցագիր է ներկայացրել գլխավոր դատախազին այն մասին, որ անձնական էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն են ստացել եւ ներբեռնել տեղեկություններ։

Հիշեցնենք՝ մարտի 25-ին Ամրամ Մակինյանը հայտարարել էր նաեւ, որ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը քրեական գործեր է ուղղորդում Աննա Վարդապետյանի եւ քննիչների հետ հանդիպելիս: