Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, քաղաքական դաշտը լարվածության ու կատարյալ քաոսի մեջ պահելուց հետո որոշել է հստակություն մտցնել։ Այսօր խորհրդարանի արտահերթ նիստում կհստակեցվի՝ հունիսի 20-ին նախանշված արտահերթ ընտրությունները հի՞ն, թե նոր օրենսգրքով են լինելու։ Գաղտնիք չէ, որ արդեն մի քանի շաբաթ է՝ քաղաքական դաշտում խոր անորոշություն է, քաղաքական ուժերը չեն կողմնորոշվում իրենց անելիքներում, քանի որ Ընտրական օրենսգրքի հարցն էական դեր է ունենալու ընտրություններին պատրաստվելու հարցում։ Եթե ռեյտինգային ընտրակարգը պահպանվում է, ապա կուսակցությունները պետք է տեղերում ձայն բերող թեկնածուների ընդգրկեն իրենց ցուցակներում, եթե անցնում ենք պարզ համամասնական ընտրակարգի, հիմնովին փոխվում են խաղի կանոնները։ Հայտնի է միայն այն, որ խորհրդարանում հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանը հայտարարել է առ այն, որ «Իմ քայլում» որոշել են հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, արտահերթին գնալ փակ համամասնական ցուցակներով։ Բայց Նիկոլ Փաշինյանը վաղուց ապացուցել է, որ իր խոսքին հավատ ընծալել չի կարելի, այսօր ասում է մի բան, վաղը կարող է հակառակն անել։

Ի դեպ, «փակ համամասնական ցուցակներ» արտահայտությունն էլ է հարցեր առաջացնում։ Ընդդիմությունն ուզում է հասկանալ՝ արդյոք այդ բառակապակցությունը Փաշինյանը դասակա՞ն մեկնաբանությամբ է գործածել, թե՞ նկատի է ունեցել ամբողջովին համամասնական ընտրակարգը։ Բանն այն է, որ փակ համամասնական ցուցակներով ընտրակարգը դասական առումով ենթադրում է, որ կուսակցությունները հրապարակում են իրենց ընտրացուցակների առաջին երեք անունները, մնացած մասը գաղտնի է մնում եւ հրապարակվում է միայն ընտրություններից հետո։ Եվ ընտրողը քվեարկում է կուսակցության օգտին՝ իմանալով նրա ցուցակի առաջին երեք համարների անունները միայն։

Ինչեւէ, այսօր արտահերթ նիստի ընթացքում թերեւս բազում հարցեր իրենց պատասխանը կստանան։ Մասնավորապես՝ կա՞ մտադրություն հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, մնացածը կախված է ընդդիմության տրամադրվածությունից։

Ի դեպ, օրենսգիրքը կարծես միակը չի լինելու, որ փոխվելու է արտահերթից առաջ։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ փաթեթը՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակությամբ։ Այդ փոփոխությունն ընդունելով՝ իշխանությունն այդ օրենքը նախընտրական շրջանում մահակ է դարձնելու ընդդիմադիր կուսակցությունների գլխին։ Փոփոխությունը վերաբերում է կուսակցությունների կասեցմանը՝ այն կուսակցությունը, որը «քարոզում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ նորմի խախտում», կարող է երեք աշխատանքային օրվա ընթացքում կասեցվել՝ մինչեւ հաջորդ համապետական ընտրությունները։

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի իմքայլական պատգամավոր Սերգեյ Ատոմյանը մեզ ասաց, որ միայն հստակ է ռեյտինգայինից հրաժարվելու հարցը, իսկ թե ինչու է ուշանում նախագիծը՝ տեղեկություններ չունի։ Հիշեցնենք, որ Ատոմյանը ռեյտինգային ընտրակարգով է խորհրդարան անցել, հիմա ասում է, որ կողմ է փոփոխություններին եւ արդարացված չի համարում այն մտահոգությունները, որ ապագա խորհրդարանը «երեւանյան ակումբ» է հիշեցնելու՝ մարզերն իրենց պատգամավորները չեն ունենալու այնտեղ․ «Ցանկացած քաղաքական ուժ, որը շատ թե քիչ մտածում է իր ռեսուրսների եւ ռեյտինգի մասին, պիտի իր ցուցակում ներկայացվածություն ընդգրկի մարզերից, որովհետեւ տեղի բնակիչները սպեցիֆիկ խնդիրներ ունեն, որոնք պետք է ներկայացվեն խորհրդարանում։ Ես վստահ եմ, որ մեր քաղաքական ուժն ունի նման մտածողություն»։
Հետաքրքրվեցինք իմքայլականների տրամադրվածությունների մասին․ արդյոք բոլորը միաձայն կողմ կլինե՞ն այս փոփոխությանը, թե՞ կա մտահոգություն, որ փոփոխությունը չի ընդունվի։

«Մեր թիմում յուրաքանչյուր պատգամավոր կշռադատում է ցանկացած օրինագիծ, իր կարծիքը ներկայացնում է եւ որոշում ու խղճի մտոք քվեարկում է։ Եթե լինեն մարդիկ, ովքեր դեմ կլինեն․․․ իհարկե, դա իրենց իրավունքն է, եւ կարող է մարդիկ լինեն, որ չուզենան համամասնական ընտրակարգով առաջնորդվեն՝ թե՛ մեր թիմից, թե՛ քաղաքական այլ ուժեր, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց պատգամավորը՝ թերեւս մոռանալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «Իմ քայլում» որոշել են հրաժարվել ռեյտինգայինից։ Այսինքն՝ դեռ վա՞ղ է հայտարարել, որ ընտրությունները կլինեն նոր օրենսգրքով։ «Մանրամասներից, նորից եմ ասում՝ տեղյակ չեմ, որ մենք դեռեւս նախորդ ընտրություններից առաջ էինք ուզում ազատվել ռեյտինգային ընտրակարգից, որ կուսակցություններն ավելի զարգանան, մեր այդ մտահոգություններն էլ կիսել էին մեր ընդդիմադիր գործընկերները, եւ այս առումով կա կոնսենսուս, դա փաստ է, իսկ թե այսօր ինչ կլինի, ես չեմ կարող ասել»։

Իշխանական պատգամավորի կարծիքով, մի «շտրիխի» փոփոխությամբ իրենք խաղի կանոններ չեն փոխում, եւ քաղաքական դաշտում այս փաստը չի կարող դժգոհությունների առիթ հանդիսանալ, հատկապես որ նոր օրենսգրքի պահանջը նաեւ, իր խոսքով, ժողովրդինն է․ «Ինձ էլ են ասում, որ ճիշտը համամասնականն է, որ ձայն տան տվյալ ուժին, ոչ թե մի թիմի երկու անդամների միջեւ էլ մրցակցություն գնա»։