Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում գտնվող Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել են Մոսկվայի քաղաքային դատարանում:

ԲԴԽ-ից  հայտնում են, որ այցը կրել է ճանաչողական բնույթ: Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը հայ գործընկերներին ներկայացրել է դատարանի կառուցվածը, դատավորների ծանրաբեռնվածության ցուցանիշները:

Հայ եւ ռուս գործընկերները մտքեր են փոխանակել  երկու երկրների մայրաքաղաքային դատարանների գործունեության առանձնահատկությունների եւ ընդհանրությունների, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման փորձի, մասնավորապես՝ պանդեմիայի պայմաններում էլեկտրոնային արդարադատության կիրառման ծավալների եւ արդյունավետության վերաբերյալ:

Հայկական պատվիրակության ղեկավարն ընդգծել է բարեկամ երկրների դատական համակարգերի միջեւ նորովի ձեւավորվող փոխգործակցության կարեւորությունը եւ վստահություն հայտնել, որ լավագույն եւ առաջադեմ փորձի փոխանակումը միանշանակ իր դրական ազդեցությունը կունենա դատական ինստիտուտների բարեփոխման եւ կատարելագործման ճանապարհին: