ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ 53 փաստաբանների կողմից ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ դատախազությունից։

Հիշեցնենք, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել։
Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012թթ. առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը:

Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 01.03.2012 թվականը (01.03.2018 — 6 տարի):

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նախագահի քաղաքացիության մասով հղում է կատարել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տեղեկանքին, որը ՀՀ նախագահի ընտրության գործընթացում ներկայացվել է ՀՀ ԱԺ:

«Ուշագրավ է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Ա.Մկրտչյանի 25.03.2021թ. գրությունը, որով հայտնվել է՝
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այլ պետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկատվություն առկա չի եղել , այդ թվում՝ 2018թ. մարտի 2-ի դրությամբ: ՀՀ ոստիկանության ԱՎՎ բնակչության պետական ռեգիստրում համապատասխան տվյալները մշակվում են քաղաքացու տրամադրված կամ ՀՀ իրավասու մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա:

Օտարերկրյա պետության քաղաքացիությունը համարվում է մշակման ենթակա տվյալ և մուտքագրվում է ռեգիստր, եթե անձը ներկայացնում է այլ պետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ:

ՀՀ նախագահի ընտրության համար Ա.Սարգսյանին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը տրվել է հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը և Արմեն Սարգսյանի կողմից իր դիմումում նշված՝ այլ պետության քաղաքացի չհանդիսանալու վերաբերյալ հայտարարությունը: Այս կապակցությամբ հարկ է նշել նաև, որ որևէ իրավական ակտով սահմանված չէ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը ստուգելու այլ կարգավորումներ»,- գրել է Արա Զոհրաբյանը: