Ապրիլի 24-ին ընդառաջ վերջնականապես պարզ է դառնում, որ Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ թուրքական ծրագիր են իրականացնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱՄՆ-ում բնակվող հայ լրագրող Արթուր Սահակյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող վերջին հայտարարություններին։

Արթուր Սահակյանը նկատում է՝ այն, ինչ թուրքը չէր կարողանում անել, այժմ Հայաստանի իշխանություններն են անում։ Հատկապես ապրիլի 24-ին ընդառաջ, երբ հնարավոր են միջազգային արձագանքներ, այդ թվում ԱՄՆ-ից, Հայաստանում իշխանությունները խոսում են Թուրքիայի հետ հաշտեցման, բարեկամության և բիզնեսի ամրապնդման մասին. «Սա ամենամեծ դավաճանությունն է։ Հայաստանի գործող իշխանություններին կարող ենք անվանել «յան» ազգանունով նորօրյա երիտթուրքեր, քանի որ իրականացնում են երիտթուրքերի մոդեռն ծրագիրը»,-նշեց Արթուր Սահակյանը։

Հարցին՝ արդյոք Հայաստանի իշխանությունները գնո՞ւմ են Թուրքիայի նախապայմանները կատարելու ճանապարհով, Արթուր Սահակյանը նշեց՝ Թուրքիան պարզապես Հայաստանի հետ լավ լինելու համար երբեք սահմանները չի բացի, քանի որ թուրքերին Հայաստանն առանց հայերի է պետք. «Թուրքիան շատ մեծ ազդեցություն ունի այս երեք տարիների ծրագրերի իրականացման գործում, եւ այդ ծրագրերի շղթայական շարունակությունն այս փուլն է, որ պետք է «կարգավորվեն» հայ-թուրքական հարաբերությունները։ Թուրքերը բնականաբար նախապայմաններ են առաջ քաշելու։ Թուրքիայի լիակատար ազդեցության տակ գտնվող Ադրբեջանն էլ իր հերթին Հայաստանի հետ որեւէ տնտեսական հարաբերություններ չի սկսելու մինչև նախապայմանները չբավարարվեն։ Ենթադրում եմ՝ պետք է ինչ-որ պայմանագրեր լինեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Թուրքիայի հետ։ Կարծում եմ՝ դրանք վերաբերվելու են Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմանների ճանաչմանը։ Իսկ նման վտանգավոր պայմանագրերի ստորագրումը կնշանակի մի կողմից խաչ քաշել Արցախի մեր պատմական տարածքներին վերատիրանալու հույսերի, մյուս կողմից՝ հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու փոխհատուցման մեր ավելի քան մեկդարյա պայքարի վրա »,-ասաց Արթուր Սահակյանը։ Ըստ նրա պատահական չէ, որ «Իմ քայլ»-ականները հերթով հարցազրույցներ են տալիս ու ակնհայտ թուրքամետ ու ադրբեջանամետ հայտարարություններ անում․ «Շուշին մերը չէր», «Քարվաճառը մերը չէր», «ցեղասպանության ճանաչումը ոչինչ չի տալու» եւ այլն։ Սրանք պատահական «լեզվական բլթոցներ» չեն, սրանք հատուկ ծրագրավորված, պլանավորված քայլեր են։

Արթուր Սահակյանի խոսքով հիմա արդեն պարզ է դառնում, թե ինչու Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի պատից անհետացավ «Պահանջում ենք»-ը եւ մնաց միայն «Հիշում ենք» կարգախոսը։ «Այսինքն` միայն հիշում ենք, պարզապես պատմության գիրկն ենք ուղարկում։ Բացի այդ երեք տարիների ընթացքում հայրենասիրական, ազգային, հոգևոր, մշակութային ոլորտներին հասցված վնասը խոսում է այն մասին, որ այդ 3 տարիների ընթացքում այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը թելադրվել է հենց Թուրքիայի կողմից»,-նշեց Արթուր Սահակյանը։

Վերջինս գտնում է, որ այս ամենը հանգեցնելու է Հայաստանի հայաթափմանը, իսկ Հայաստանի իշխանությունները դառնալու են թուրքական և ադրբեջանական իշխանությունների վասալը. «Հայաստանի թրքացում է տեղի ունենալու, թուրքերը լցվելու են, շենքեր, բիզնեսներ են գնելու։ Այդ պրոցեսն արդեն սկսվել է։ Շատերը Հայաստանի ապագան պատկերը Բաթումիի հետ են համեմատում, որն այսօր փաստորեն թուրքական քաղաք է։ Թուրքերին պետք չէ Երևան գրավել, նրանք կարող են ուղղակի գնել այն։ Մի օր էլ կարող է հրապարակում մզկիթ կառուցվի։ Սա է նրանց ծրագիրը, և Հայաստանի իշխանությունն այսօր իր ողջ եռանդով այդ գործին է լծված»,-ասաց Արթուր Սահակյանը։

Ամերիկահայերի շրջանում գործող իշխանությունների վարած քաղաքականությունը ևս դժգոհություն է առաջացնում։ Արթուր Սահակյանը նկատեց՝ Ամերիկայում նույնպես կա մի զանգված, որը դեռ չի ուզում հավատալ, որ խաբել են իրենց, սակայն այդ զանգվածն աստիճանաբար նոսրանում է. «Այդ մարդիկ հասկանում են, թե իրականում ինչ է կատարվում․ Էլ ի՞նչ պետք է անեն Հայաստանի այսօրվա իշխանությունները, որ հասկանանք թրքամետ քաղաքականություն են վարում։ Ամենավտանգավորն այն է, որ ընդհանուր ապատիա է, հիասթափություն, որը աստիճանաբար վերածվում է անտարբերության։ Այսինքն` մարդիկ չեն ուզում դիտել, լսել կամ խոսել Հայաստանի մասին։ Սա նշանակում է խզել նաեւ Հայրենիք-Սփյուռք կապը։ Արցախը Հայրենիքից կտրելուց հետո, կանցնեն նաեւ Սփյուռքին։ Սա եւս թուրքական ծրագիր է, եւ ոչ միայն թուրքական։ Մենք իրավունք չունենք հաշտվել այս դավադիր ծրագրի հետ»,-նշեց Արթուր Սահակյանը։