ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պնդում է՝ ԵՊՀ շենքը վաճառելու որոշում չկա։

«Հերքում եմ այն պնդումը, որ կա որոշում ինչ-որ շենք ծախելու։ Անկախ նրանից՝ այդ շենքը փլատակ է, որի մեջ բուհ է գործում, թե փլատակ չի, նման որոշում գոյություն չունի։ Առավել ևս, չունի և չի կարող ունենալ նման որոշում, որ վաճառեն Երևանի պետական համալասրանի շենքը։ Պնդում եմ», — հայտարարեց նախարարը։

Նա հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ ենք փնտրում մի բան, որը գոյություն չունի և չի ունենալու։

«Հանգիստ եղե՛ք, ժողովուրդ ջան։ ԵՊՀ շենքն արդեն ֆեյսբուքյան ստեղծարարները դարձրել են գիշերային չգիտեմ ինչ, ցերեկային առևտրի սրահ։ Անհարմար է, սա անհարգալից վերաբերմունք է մեր պետականությանը, ժողովրդին, սերունդներին», — ասաց նախարարը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե գաղափար կա վաճառել Երևանի բուհերի շենքերն ու ստացված գումարով Երևանից դուրս ակադեմիական քաղաք կառուցել։