Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ բուռն քննարկված հայտարարությանը, թե կա գաղափար՝ վաճառքի հանել Երևան քաղաքի բուհերի շենքերը, եթե ոչ ամբողջը, ապա գոնե մի մասը, և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք, ԿԳՄՍ նախարարն ասաց, որ ինքն այդ հայտարարությունը հասկացել է հետևյալ կերպ.

«Ասվում է հետևյալը, որ, եթե ակադեմիական քաղաքն իրականություն դառնա՝ իմ ասած բովանդակությամբ, շատ-շատ բուհերի մոտ բնական ցանկություն կառաջանա տեղափոխվել այդ գեղեցիկ վայրը, և այն կառույցները, որոնք մինչ այդ բուհ են եղել, բայց այլևս կհամարվեն ոչ նպատակահարմար այնտեղ բուհական կրթություն իրագործել, կարելի է վաճառել ու ներդնել: Որպեսզի այդ գաղափարը իրականություն դառնա, այդ բոլոր շենքերն էլ որ վաճառենք, այդ գումարը չի բավարարելու ակադեմիական քաղաքն իրականություն դարձնելու համար։ Այդտեղ լրջագույն ներդրումներ են պետք»։

Դումանյանը նաև մանրամասնեց, թե իր կարծիքով՝ որ բուհերը կցանկանան տեղափոխվել ակադեմիական քաղաք, եթե այդ գաղափարն իրագործվի:

«Երբ որ դա լինի, օրինակ, չեմ կարծում, որ մեր այսօրվա Մանկավարժական համալսարանը, որ գտնվում է քաղաքի կենտրոնում՝ բարձրահարկ շենքի տեսքով, կլինի լավագույն վայրը կրթական գործընթաց կազմակերպելու համար, կամ ֆիզկուլտուրայի ինստիտուտը, որը սովորական շենք է մի քանի հարկանի, տարածք չունի»,- ասաց Դումանյանը: