Մարտի 22–ի դրությամբ Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների  և քաղաքացիական անձանց 2147 մարմիններ և մասունքներ են նույնականացվել։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են առողջապահության նախարարությունից։

Մասնավորապես՝ մարտի 22–ի դրությամբ ծնողներից վերցված 2294 փորձանմուշներ և 2391 դիակից և մասունքից վերցված փորձանմուշներ ենթարկվել են դատագենետիկական փորձաքննության, արդյունքում նույնականացվել են 2147 զոհերի մարմիններ։ Այսինքն, մարտի 22–ի դրությամբ դեռևս 244 մարմիններ և մասունքներ չեն նույնականացվել։

Նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ մարտի 13–ից մարտի 23–ն ընկած ժամանակահատվածում կամ 10 օրում կատարվել է 70 զոհված զինծառայողի ԴՆԹ նույնականացում։ Ստացվում է, որ օրական միջինում իրականացվում է մինչև 5-7 մարմնի նույնականացում։

Համեմատության համար նշենք, որ դեկտեմբերին 10 օրում իրականացվել է 66, հունվարին՝ 10 օրում 304, իսկ փետրվար–մարտ ամիսներին՝ 10 օրում 205 զոհի ԴՆԹ նույնականացում։ Նշենք, որ խոսքը զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց անճանաչելի մարմինների և մասունքների դատագենետիկական փորձաքննությունների մասին է։ Զոհերի մարմինների նույնականացման գործընթացի դանդաղումը պայմանավորված է մի քանի գործոններով։

Մեր տեղեկություններով՝ անհետ կորած զինծառայողների շուրջ 80 ծնողներ մինչեւ օրս հրաժարվում են կենսաբանական նմուշներ հանձնել, համարելով, որ իրենց տղաները ողջ են, մինչդեռ չի բացառվում, որ անճանաչելի համարվող զինծառայողների մարմինները և մասունքները համընկնեն անհետ կորածների ծնողների ԴՆԹ–ների հետ։ Կարևոր գործոններից է նաև այն, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում վերջին ամիսներին իրականացված զոհված զինծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում հայկական կողմին հաջողվել է դուրս բերել հիմնականում զոհերի աճյուններից մնացած մասունքները՝ ոսկրերը, ինչը նույնականացման գործընթացն ավելի է դժվարացնում։ Նկատենք, որ հետազոտության պետք է ենթարկել ստացվող ոսկրերից յուրաքանչյուրը, քանի որ չի բացառվում, որ փաթեթում գտնվող ոսկրերը պատկանեն տարբեր անձանց, իսկ ոսկրերի մասնակի կամ ոչ լրիվ հետազոտության արդյունքում, հնարավոր է՝ որևէ մեկի նմուշը չբացահայտվի և հուղարկավորվի այլ մասունքների հետ միասին։ Արդյունքում տվյալ զինծառայողը կշարունակվի համարվել անհետ կորած, ինչը զոհված զինծառայողների հանդեպ պետության ունեցած պարտականությունների կոպտագույն խախտում է։

Նշենք, որ բազմաթիվ են դեպքերը, երբ զոհված զինծառայողների ծնողները կասկածի տակ են դրել ԴՆԹ նույնականացման արդյունքների արժանահավատությունը և պահանջել կրկնակի հետազոտություն իրականացնել։ Ոմանք էլ, չվստահելով հետազոտության արդյունքներին, կենսաբանական նմուշներն ուղարկել են արտերկիր։ Մեր տեղեկություններով՝ զոհված զինծառայողների և նրանց հարազատների ԴՆԹ նույնականացման հետազոտություններն իրականացնող ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կոնտրոն» ՊՈԱԿ–ն առաջիկայում պատրաստվում է զոհերի շուրջ 80 մասունք արտասահման ուղարկել, քանի որ դրանք չափազանց վնասված են և Հայաստանում առկա սարքավորումներով հնարավոր չէ իրականացնել դրանց նույնականացումը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին՝ առողջապահության նախարարությունը մոտ 300 մլն դրամով ԱՄՆ–ից դատագենետիկական նույնականացման հետազոտությունների նոր հոսքագիծ էր ձեռք բերել՝ զոհված զինծառայողների ոսկրերի և նրանց ծնողներից վերցված նմուշների միջև ԴՆԹ նույնականացման հետազոտություններն իրականացնելու նպատակով։

Դեռևս հունվարի 5–ին NEWS.am–ն անդրադարձել էր այս կասկածելի գործարքին՝ նկատելով, որ նույն սարքավորումից կենտրոնում արդեն իսկ առկա է։ Արձանագրել էինք, որ տվյալ ավտոմատացված համակարգի օրական մինչև 300 ԴՆԹ տիպավորում կատարելու հզորության նույնիսկ 10 տոկոսը ՊՈԱԿ–ը չի կարողանում օգտագործել, քանի որ ոսկրի ԴՆԹ սեքվենավորման համար նմուշապատրաստման բարդ գործընթացներն իրականացնող փորձագիտական բավարար ներուժ չունի: Եվ ահա, նոր սարքավորում ձեռք բերելուց երեք ամիս անց ոլորտի պատասխանատուները ստիպված են գենետիկ նմուշներն ուղարկել արտերկիր՝ կասկածի տակ դնելով 300 մլն դրամի գործարքի արդյունավետությունը։

Ուշագրավ է, որ կառավարությունը պատերազմից հետո ԴՆԹ նույնականացման գործընթացի մենաշնորհը տվել է առողջապահության նախարարության ՊՈԱԿ–ին, այդպիսով հնարավորություն չտալով զոհերի հարազատներին նույնականացման կասկածելի արդյունքները ստուգել Հայաստանում գործող այլ լաբորատորիաներում, ուստի ծնողների համար միակ այլընտրանքը դարձել է գենետիկ նմուշներն  արտերկիր ուղարկելը։ Մինչդեռ քչերը գիտեն այս գործընթացի  վտանգների և հնարավոր ռիսկերի մասին։ Բանն այն է, որ գենետիկ նմուշների՝ գենային կոդի փոխանցումը արտերկրում գործող որևէ կազմակերպության կարող է սպառնալ և վտանգել ազգային անվտանգությանը՝ հատկապես կենսաբանական զենքի մշակման տեսանկյունից։

Առհասարակ, ԴՆԹ փորձաքննությունները պետք է իրականացվեն Հայաստանի տարածքում՝ տվյալների բազայի նկատմամբ պետական խիստ հսկողության պայմաններում։ Ի դեպ՝ զոհված զինծառայողների մարմինների գենետիկ նմուշների՝ արտերկիր ուղարկելու հարցը քննարկվել է դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին՝ կառավարությունում։ Մեր տեղեկություններով՝ մասնավոր կազմակերպություններից մեկի ղեկավարի առաջարկով՝ քննարկվել է ԴՆԹ փորձաքննության համար զոհված զինծառայողների կենսաբանական նմուշները ԱՄՆ Օհայո նահանգի ԴՆԹ կենտրոն ուղարկելու հարցը։

Մասնավորապես, առաջարկ է հնչել, որ հիշյալ կենտրոնը 10–օրյա ժամկետում էժան գներով (ԴՆԹ 1 նմուշի համար 80 $) կարող է իրականացնել փորձաքննություն։ Կառավարությունում նախ համաձայնել են, ապա լսելով մասնագիտական փաստարկներ, հրաժարվել են այդ «գայթակղիչ», սակայն միևնույն ժամանակ վտանգավոր առաջարկից։ Սակայն պարզվում է, այս քննարկումից երեք ամիս անց, ոլորտի պատասխանատուները, չկարողանալով լուծել նույնականացման հետազոտությունների ընթացքում առաջացած խնդիրները, կողմ են արտահայտվել գենետիկ նմուշներն արտերկիր ուղարկելու վտանգավոր գաղափարին։ Չի բացառվում, որ այս որոշումը պատճառաբանելիս, պատասխանատու մարմինները մեղքը գցեն զոհերի հարազատների վրա՝ նշելով, թե դա նրանց ցանկությունն է, մինչդեռ պետությունը կարող է այդ ամենը կազմակերպել Հայաստանում՝ պահպանելով բոլոր անվտանգության և միջազգային նորմերը։