Մարտի 31-ին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպեց արցախյան պատերազմի ընթացքում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ պաշտոնական կայքից։

Նրանք նշեցին, որ Մարտունի-3 զորամասի 76 զինվորի մահվան, ինչպես նաեւ Հադրութի Վանք գյուղում 50 օրից ավել շրջափակման մեջ գտնված, հետագայում խոշտանգված եւ սպանված զինվորների մահվան հանգամանքները պարզելու համար հարազատները հաղորդում են ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն: Սակայն պարզվել է, որ գործը հասցեագրվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծնողները կարծում են, որ նշյալ գործերը պետք է քննվի ԱԱԾ-ում, ուստի պատգամավորին խնդրեցին հետամուտ լինել այդ հարցում: ԱԺ պատգամավորը պատրաստակամություն հայտնեց խնդիրը հնարավորինս արագ ուսումնասիրել եւ աջակցել դրա լուծմանը: