ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ազգային անվտանգության ծառայության որոշումն, ըստ որի՝ ԱԱԾ-ն մերժում է քրեկան գործ հարուցել վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի նկատմամբ:

Նշենք, որ օրեր առաջ Ամրամ Մակինյանը տեղեկացրել էր, որ Ռուբեն Հայրապետյանին ու նրա որդուն վերաբերող քրեական գործով Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը խմբագրել է նրանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը:

Tert.am-ի հետ զրույցում Ամրամ Մակինյանը նշեց, որ 29 հատորանոց որոշման մեջ հիմնավորվել է, որ քննիչը Աննա Վարդապետյանին ուղարկել է բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, սակայն Աննա Վարդապետյանը պատճառաբանել է, որ դա արվել է քննիչին օգնելու նպատակով.

«Աննա Վարդապետյանն էլ ընդունել է, որ խմբագրել է Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը: Ասում է՝ քանի որ ինձ բազմաթիվ անձինք են դիմում, որպեսզի խնդրահարույց իրավական հարցերում իրենց օգնություն ցույց տամ, այդ շրջանակներում է եղել, իմ ասածները հո իրենց համար պարտադիր չէ՞: Սա զավեշտ է, մարդիկ իրենց դրել են ծիծաղելի դրության մեջ: Վարչապետի օգնականը խմբագրում է, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, ասում է՝ դա պարտադիր չէ, քննիչը ուղարկում է Աննա Վարդապետյանին բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, բայց ասում է՝ ես չգիտեի, որ դա վարչապետի օգնական Աննա Վարդապետյանն է, ինձ իմ պետն էր տվել այդ էլեկտրոնային հասցեն, որ ուղարկեմ, որ Կենտրոնական բանկից ինձ որոշակի խորհրդատվություն տրամադրեն: Սա ծաղր է ՀՀ-ի նկատմամբ, ծաղր է իրավակարգի նկատմամբ: Ավելի լավ է ազնիվ լինեին, քրեական պատասխանատվության ենթարկվեին, բայց իրենց ծաղրանքի առարկա չդարձնեին: Փաստորեն ԱԱԾ-ն գտել է, որ այդ գործողություներում հանցանք չկա, իրավաչափ է, որ վարչապետի օգնականը խմբագրում է որոշումներ»:

Փաստաբանը նշեց, որ Աննա Վարդապետյանի գործողություններին պետք է գնահատական տան Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները, «Պատկերացնո՞ւմ եք, եթե հետախուզում հայտարարվի Աննա Վարդապետյանի նկատմամբ, դա մեր երկրի վարկանիշի վրա ինչքան կազդի, բայց իրենք ընտրեցին այդ ճանապարհը, ես անցնելու եմ նաև ՀՀ քրեադատավարական ընթացակարգերով»: