Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպանի կատարած աշխատանքը՝ նշելով. «Մենք համատեղ ջանքերով կարողացել ենք էլ ավելի սերտացնել հայ-ճապոնական հարաբերությունները, որոնք շատ ենք կարևորում ու գնահատում: Հույս ունենք՝ առկա դինամիկան կպահպանվի ու էլ ավելի կզարգանա»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու երկրների միջև միջև առկա է արդյունավետ քաղաքական երկխոսություն, և Հայաստանը շնորհակալ է Ճապոնիայի կառավարությանը՝ տարբեր ոլորտներում, այդ թվում բնական աղետների դեմ պայքարի բնագավառում տեխնիկական աջակցություն տրամադրելու համար: Վարչապետը հաջողություն է մաղթել Ճապոնիային այս տարի ամռանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմակերպման գործում և նշել, որ խաղերի հանդիսավոր բացմանը նախատեսվում է նաև հայաստանյան պատվիրակություն մասնակցությունը:

Ջուն Յամադան պատիվ է համարել Հայաստանում կատարած դիվանագիտական առաքելությունը և այդ ընթացքում կուտակած փորձառությունը: Նրա խոսքով՝ հայ և ճապոնացի ժողովուրդներն արժեհամակարգային, հոգևոր-մշակութային շատ ընդհանրություններ ունեն: Ճապոնիան պատրաստ է օժանդակել մեր երկրի զարգացման, ժողովրդավարության հզորացման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում: Այդ նպատակով Ճապոնիայի կառավարությունը մտադիր է տեխնիկական աջակցություն տրամադրել Հայաստանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար: Հայաստանում Ճապոնիայի դեսպանը նշել է, որ ջերմ տպավորություններով է հեռանում մեր երկրից և իր հետագա գործունեության ընթացքում կշարունակի նպաստել հայ-ճապոնական բարեկամության ամրապնդմանը: