Սան Պաուլոյի նահանգապետը Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին «հոգեկան հիվանդ» է անվանել՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ նրա աղետալի կառավարման համար, որի արդյունքում երկրում վարակման 12 միլիոն դեպք եւ գրեթե 300 հազար մահվան դեպք է գրանցվել:

CNN-ին տված հարցազրույցում Ժոաո Դորիան ասել է. «Մենք պատմության այն ողբերգական պահերից մեկն ենք ապրում, երբ միլիոնավոր մարդիկ բարձր գին են վճարում այն ​​բանի համար, որ երկիրն անփորձ հոգեկան հիվանդ է կառավարում»: Նրա խոսքով՝ եթե ​​Բոլսոնարուն պատասխանատու կերպով գործեր, Բրազիլիան կարող էր շատ ավելի հեշտ հաղթահարել ճգնաժամը:

Փոխարենը, նախագահի աշխատակազմն «անհավատալի սխալներ թույլ տվեց, որոնցից ամենամեծը քաղաքական վեճն էր այն նահանգապետերի հետ, ովքեր փորձում են պաշտպանել բնակչությանը»,- ասել է Դորիան՝ նկատի ունենալով նախագահի քննադատությունը քաղաքապետերի եւ նահանգապետերի հասցեին՝ կարանտին եւ սոցիալական սահմանափակումներ մտցնելու համար, որոնց նա դեմ է հանդես գալիս տնտեսական դրդապատճառներով՝ չնայած նրան, որ երկրի Գերագույն դատարանն անցյալ տարի պաշտպանել է այդպիսի միջոցների կիրառման նրանց իրավունքը:

Ավելի վաղ Սան Պաուլոյի  Estadao թերթը տեղեկացրել էր, որ երեք մարդ, ովքեր հիդրոքսիխլորոքին եւ իվերմեկտին պարունակող «Covid հավաքածու» էին ընդունել, որն ակտիվորեն գովազդվում էր Բոլսոնարուի կողմից, մահացել են, եւս հինգին լյարդի փոխպատվաստում է անհրաժեշտ եղել: