Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրություններին Անկարայի միջամտության մասին հայտարարության համար, հայտնում է Ahval-ը:

Նախարարությունը Ֆրանսիայի նախագահի այդ խոսքերը համարել է «անընդունելի և երկրների միջև բարեկամությանն ու դաշինքին հակասող»:

Նախարարությունը նշել է, որ Մակրոնի վերջին մեկնաբանությունները խոչընդոտում են Անկարայի կողմից հարաբերությունների կարգավորման փորձերը․ «Մենք կարծում ենք, որ Մակրոնի այս հայտարարությունները ցավալի և հակասական են այն դեպքում, երբ մենք … հանդարտությամբ և բարեկամությամբ քայլեր ենք ձեռնարկում լարվածությունը վերացնելու համար»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 5 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան կփորձի ազդել երկրում առաջիկայում կայանալիք ընտրությունների վրա։

«Սպառնալիքները քողարկված չեն, ուստի ես կարծում եմ՝ մենք պետք է շատ թափանցիկ լինենք»,- ասել է Մակրոնը։

Միևնույն հարցազրույցի ընթացքում նա նաև հայտնել է, որ Ֆրանսիան Թուրքիային Եվրոպայի կարևոր գործընկերն է համարում անվտանգության ու միգրացիայի ոլորտներում և թուրքական ղեկավարության կողմից հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ ազդակներ է նկատում։

Նրա խոսքով՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, բայց պետք է «հստակեցնել նրա տեղն այդ դաշինքում»: