Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանի, «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանի և «Environment Group» ընկերության տնօրեն, բնապահպանության նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են ջրային ռեսուրսների, ջրային անվտանգության հետ կապված խնդիրներ:

Նշելով, որ մեր երկրի առջև այսօր բազմաթիվ մարտահրավերներ են ծառացել՝ պայմանավորված թե՛ պատերազմով, թե՛ համաշխարհային տնտեսական ճգնաժամով, թե՛ կորոնավիրուսի համավարակով և բազմաթիվ այլ պատճառներով, նախագահ Սարգսյանը ոչ պակաս կարևոր է համարել ջրային և, դրա հետ փոխկապակցված, պարենային անվտանգության խնդիրները: Նա ընդգծել է, որ, հաշվի առնելով գլոբալ, տարածաշրջանային զարգացումներն ու անվտանգության հետ կապված մարտահրավերները, պետք է մտածել նաև մեր երկրի ջրային, պարենային անվտանգության խնդիրների մասին: «Ջրային և պարենային անվտանգության խնդիրներն առաջնահերթություն են մեզ համար, և մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք այդ հարցերին»,- ընդգծել է նախագահը:

Նա պատրաստակամություն է հայտնել լսել ոլորտի խնդիրներով զբաղվող մասնագետների ու փորձագետների մտահոգությունները, կարծիքներն ու առաջարկությունները, որպեսզի նախագահական ինստիտուտը կարողանա հնարավորինս աջակցել այդ խնդիրների հանրայնացմանը, քննարկմանն ու լուծմանը:

Բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները չափազանց արդիական են համարել խնդիրը և ներկայացրել իրենց մտահոգությունները: Մասնավորապես, կարևորվել են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, դրան ուղղված օրենսդրական ու ինստիտուցիոնալ լուծումների, կլիմայի փոփոխության հետ կապված ռեսուրսների վերագնահատման և գիտական ուսումնասիրությունների, ինչպես նաև ջրային պաշարների օգտագործման նկատմամբ վերաբերմունքի փոփոխության խնդիրները: Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն առաջնային համարելով պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից՝ մասնավորապես մտահոգություն է հայտնվել նաև ճյուղային նախարարությունների բացակայության կապակցությամբ:

Ընդգծվել է, որ մի քանի ոլորտներ համակարգող միացյալ նախարարությունների պարագայում կարևոր խնդիրներն ավելի նվազ ուշադրության են արժանանում՝ տարրալուծվելով ընդհանուր խնդիրների մեջ: