Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաջադրանքները կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, ինչպես նաև հումանիտար օգնության հատկացումը բնակչությանը»,- ասվում է ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են ականազերծման աշխատանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Վերջին մեկ օրում մաքրվել է 17 հեկտար տարածք, 4 կմ ճանապարհ: 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1756 հեկտար տարածք, 545 կմ ճանապարհ, 1616 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության կառույց, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 351 պայթյունավտանգ առարկա: