Aravot.am-ը գրում է. Գյումրու Մուշ թաղամասի շենքերից մեկի դիմաց նախորդ շաբաթ տեղի ունեցած դաժան սպանությունից այդ քաղաքի բնակիչները դեռ ուշքի չեն գալիս։

Ոստիկանները շենքից չեն հեռանում, ոստիկանական մեքենան մի շաբաթ է՝ կանգնած է սպանության կատարելու մեջ կասկածվող անձի մուտքի մոտ։

Հիշեցնենք, որ օրը ցերեկով՝ ժամը 14․00-ի սահմաններում շենքի բակում դաժանորեն կտրել էին 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի պարանոցը, իսկ մինչ այդ մուտքի մեջ դանակի հարվածներով բազմաթիվ վնասվածքներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։ Վերջինիս կնոջը՝ Անուշ Սարդարյանին ու հորաքրոջ տղային ևս մարմնական ծանր վնասվածքներ էին հասցրել։

Մանրամասներն՝ այստեղ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի  1-ին կետի (սպանություն,  2 կամ ավել անձանց սպանության փորձ)  հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվելու են մի շարք փորձաքննություններ՝  այդ թվում՝ դատահոգեբուժական:

Սպանության և սպանության փորձի կասկածանքով ձերբակալված, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ, 34-ամյա Հրաչյա Թամոյանը ենթարկվելու է դատահոգեբուժական փորձաքննության՝ պարզելու համար, թե հանցագործությունը կատարելու ժամանակ ինչ վիճակում է նա եղել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ  սպանությունից առաջ Հ. Թամոյանի եղբայրը ողբերգական ավտովթարի զոհ էր դարձել, երբ սպանվածը իր ավտոմեքենայով  նրա եղբորն ու հորը՝ Արտուշ Թամոյանին  տեղափոխում էր  Երևան, քանի որ եղբայրը, ով վերջին պատերազմի ժամանակ վիրավորում էր ստացել, պետք է  պրոթեզավորման նպատակով լիներ հիվանդանոցում և չարաբաստիկ ավտովթարից հետո  հայրը ՝ Ա. Թամոյանը նույնպես  տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն փետրվարի 25-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում հայրը մահանում է  ու Հ. Թամոյանը, հավանաբար, լինելով հոգական ծանր ապրումների մեջ, եղբոր և հոր մահվան մեջ կասկածել է տաքսու ավտոմեքենայի վարորդին ու արդեն սպանության օրը նա կատարել է այդ արարքը:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ հայրը  նախկինում աշխատել է ոստիկանության համակարգում, կոչումով՝ փոխգնդապետ էր և Գյումրիում՝   թե նա, թե նրա ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում աշխատող եղբայրը՝ ճանաչված  էին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: