ՀՀ երրորդ նախագահը չունի ո՛չ անշարժ և ո՛չ էլ շարժական գույք, բաժնեմասեր և արժեթղթեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով Factor TV լրատվամիջոցում հրապարակված տեղեկությանը:

«Անդրադառնալով Factor TV լրատվամիջոցի կողմից «Դատարանը Սերժ Սարգսյանի գրեթե 1 միլիոն դոլարի գույքը թողեց կալանքի տակ» վերնագրով երեկ հրապարակված հոդվածին՝ անհրաժեշտ եմ համարում հատկապես նյութը հրապարակած լրատվամիջոցի համար ընդգծել, որ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը չունի ոչ անշարժ և ոչ էլ շարժական գույք, բաժնեմասեր և արժեթղթեր, ուստի անշնորհակալ գործ եմ համարում հոդվածում հրապարակված մանիպուլյատիվ ձևակերպումներով և անտեղի ստորակետերով նույն գումարի չափի մասին մի քանի անգամ տարբեր արժույթներով նշելով՝ հանրության վրա այլ տպավորություն ստեղծելը:

Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ Նախագահի ֆինանսական միջոցներին, ապա կարծում եմ արհեստավարժ լրատվամիջոցը պետք է որ քաջատեղյակ լինի դրանց՝ տարիների ընթացքում ձևավորման աղբյուրի և չափի մասին, որոնց վերաբերյալ սպառիչ տեղեկություններն առկա են Ս.Սարգսյանի հայտարարագրերում:

Միաժամանակ, որպես ՀՀ երրորդ Նախագահի փաստաբան՝ տեղեկացնում եմ, որ հետայսու նմանատիպ մանիպուլիացիոն գործելաոճով նյութեր հրապարակելու յուրաքանչյուր փորձի դեպքում, խեղաթյուրված նյութ հրապարակող լրատվամիջոցը ստիպված է լինելու դիմել փաստաբանի օգնությանը»,- գրել է Մակինյանը: