Մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկավական կենտրոնից:

Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետն անդրադարձել են արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և մարդասիրական խնդիրներին, մասնավորապես ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհայտ կորածների և զոհվածների աճյունների հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքներին:

Քննարկվել են նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հետ առնչված խնդիրներ, մասնավորապես մտահոգություն է արտահայտվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում պատմական հուշարձանների և սրբավայրերի նկատմամբ դրսևորվող բարբարոսական վերաբերմունքի առնչությամբ։

Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետն անդրադարձել են երկրում ստեղծված իրավիճակին, ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիներին, ինչպես նաեւ խոսել ազգային կարևորագույն խնդիրների ու մարտահրավերների մասին։