Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, իսկ տարածաշրջանի խնդիրը հետևյալն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի, և մենք ընկալում ենք որպես թշնամի: Շատ դժվար է գտնել մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսվել է: Պետք արձանագրենք՝ այս փակ շղթան պետք է ինչ-որ ձև կառավարվի: Այս մասին Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Թշնամության հետ կապված, երբ ասացի, որ այդ հարցը դժվար է լուծել, հույս էլ չպետք է ունենաք, որ արագ կլուծենք, բայց պետք է առաջ գնալ, իսկ առաջ գնալու ձևն այն է, ինչ այսօր գտնվում է  քննարկման փուլում, դա մեր տարածաշրջանի կոմունիկացիաների և ճանապարհների բացումն է: Ինչ էլ ասեն, կոմունիկացիաների բացման թեման փոխշահավետ թեմա է, եթե որևէ մեկը կասի, որ այդ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին կամ միայն Հայաստանին, չհավատաք, կոմունիկացիների բացումը առավելևս այս իրավիճակում ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ այս հարցի վերաբերյալ շահարկումները շատ են լինելու:

Փաշինյանը նշեց՝ պետք է քայլ արվի և կոմունիկացիաները բացվեն, որովհետև դա ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև նա պետք է կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ, և ձեռնտու է Հայաստանին, որովհետև մենք պետք է հուսալի երկաթուղային կոմունիկացիա և ցամաքային կապ ստանանք երկաթուղիով ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ:

«Դա նշանակում է, որ մեր երկրի տնտեսությունը էականորեն կարող է փոխվել»,- ասաց Փաշինյանը: