Instagram-ը ազդարարել է նոր կանոնների մասին, որոնք կոչված են պաշտպանել սոցիալական ցանցից օգտվող երեխաներին: Ըստ այդ կանոնների՝ մեծահասակ օգտվողներն այլեւս չեն կարողանա անձնական հաղորդագրություններ ուղարկել մինչեւ 18 տարեկան դեռահասներին, ովքեր իրենց բաժանորդագրված չեն:

Հավելվածում նաեւ կհայտնվեն հատուկ ծանուցումներ, որոնք երեխաներին կզգուշացնեն, եթե նրանց հետ նամակագրության մեջ գտնվող մեծահասակը, «պոտենցիալ կասկածելի վարքի» նշաններ դրսեւորի, օրինակ՝ մեծ թվով դեռահասների որպես ընկերներ ավելացնի:

Ընկերությունը նշել է նաեւ, որ չնայած նոր օգտվողներին խնդրում է գրանցվելիս նշել իրենց տարիքը եւ արգելում է 13 տարեկանից ցածր անձանց օգտվել ծառայությունից, որոշ մարդիկ ծննդյան սխալ տարեթիվ են նշում: Օգտատերերի տարիքը որոշելու համար Instagram-ը նոր տեխնոլոգիա է մշակում՝ հիմնված արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման վրա: