Կառավարության մարտի 18-ի նիստի օրակարգի առաջին հարցն Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն է, որով առաջարկվում է, արգելել առանց համապատասխան թույլտվության օգտա­գործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տա­րածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգե­լա­փա­կոցները, ինչպես նաև սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

Նախագծում, որպես հիմնավորում նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգաման­քով, որ ներկայումս օրենքով կանոնակարգված չէ ՀՀ պե­տական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և ան­օ­դա­­­չու թռչող սարքերի օգտագործումը:

«Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սար­քերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով, չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հեր­թին վեր­ջին­ներիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայ­տման տե­ղիք է տալիս: Բացի այդ, տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգ­­տա­գործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրա­պե­տության պետական սահ­մ­անի պահպանմանը, որի կապակցությամբ նպա­տա­կա­հարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում` անօդա­չու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմա­նափա­կում­ներ»,- նշված է նախագծում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզում սահմանային տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու համար, լրագրողները պետք է ունենան ՀՀ ԱԱԾ մարմինների համաձայնությունը և նախապես գրավոր դիմեն ՀՀ ԱԱԾ: