Արմեն Մկրտչյանը, ով «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում հաջորդում է մանդատը վայր դրած Վահագն Թեւոսյանին, դեռ որոշում չունի պատգամավորական մանդատը վերցնելու վերաբերյալ։

«Ես սատարում եմ «Իմ քայլը» խմբակցությանը։ Ես թիմի հետ եմ, մանդատ վերցնել կամ չվերցնելը քաղաքական ենթատեքստ չի պարունակում։ Եթե մանդատը չվերցնեմ, դա զուտ անձնական դրդապատճառներից ելնելով է լինելու»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ մանդատը վերցնելու դեպքում մնալու է խմբակցության կազմում։

«Ես չեմ ընդունում, երբ մանդատը վերցնում են ու դուրս գալիս խմբակցությունից»,- ընդգծեց նա։

Հարցին, թե ստեղծված իրավիճակում ինչ է կարծում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն կա՞, Արմեն Մկրտչյանը դրական արձագանքեց․ «Հաշվի առնելով այսօրվա ստեղծված քաղաքական, տնտեսական վիճակը, կարծում եմ արտահերթ ընտրություններ անցկացնելու կարիքը կա»։

Նշենք՝ Արմեն Մկրտչյանը իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Հիշեցնենք, որ մարտի 9-ին Վահագն Թեւոսյանը հայտարարեց մանդատը վայր դնելու մասին։ Ավելի վաղ Թեւոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։