ԱՄՆ պատմության մեջ ամենամահաբեր տարին 2020 թվականն է, հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալները:

Ըստ այդ տվյալների՝ ԱՄՆ-ում 2020 թվականին մահացել է ավելի քան 3 մլն մարդ, կորոնավիրուսը մահվան պատճառների հաճախությամբ երրորդն է դարձել սրտի հիվանդություններից եւ քաղցկեղից հետո: Նշվում է, որ COVID-19-ը հանգեցրել է ԱՄՆ-ում մահացության 15 տոկոսով աճի:

Ջոն Հոփքինսի համալսարանի վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 29 մլն-ը, ավելի քան 529 հազարը մահացել է: Դեկտեմբերին սկսված պատվաստումները շարունակվում են. հիմա ԱՄՆ-ում լիցենզիա է ստացել երեք պատվաստանյութ, որոնցից երկուսը պահանջում են երկու ներարկում: